Կինը դատապարտվել է ծաղկավաճառի 1000 մեխակները ոչնչացնելու համար
Առաջին ատյանի դատարանը կնոջը մեղավոր է ճանաչել վիճաբանության ընթացքում ծաղկավաճառի 1000 մեխակները ոչնչացնելու մեջ: Դատարանի վճռով՝ նա դատապարտվել է տուգանքի 50 հազար դրամի չափով, ամբաստանյալից հօգուտ տուժողի կբռնագանձվի 58 հազար դրամ՝ որպես հանցագործությամբ պատճառված վնասի հատուցում:
Կնոջը մեղադրանք էր առաջադրվել այն բանի համար, որ ոգելից խմիչք օգտագործած վիճակում, իր ծաղկի վաճառքի տաղավարի դիմաց, նշված տաղավարի հարևանությամբ նույն գործունեությամբ՝ ծաղկի վաճառքով զբաղվող կնոջ հետ իրենց աշխատանքային գործունեության հետ կապված հարցի շուրջ ծագած վիճաբանության ընթացքում, դիտավորությամբ կոտրել, ոչնչացրել է կնոջը պատկանող թվով 1000 հատ մեխակ տեսակի ծաղիկները՝ պատճառելով զգալի չափերի՝ 58000 դրամի գույքային վնաս։
Նրան մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 185 հոդվածի 1-ին մասով:
Ըստ առաջին ատյանի դատարանի վճռի՝ մինչև դատաքննության սկսվելն ամբաստանյալը միջնորդել է դատական քննությունն անցկացնել արագացված կարգով և հայտարարել, որ միջնորդությունը ներկայացրել է կամավոր, խորհրդակցել է պաշտպանի հետ, գիտակցում է արագացված կարգով դատաքննություն անցկացնելու հետևանքները, առաջադրված մեղադրանքն իրեն պարզ է, համաձայն է մեղադրանքի հետ, համամիտ է պատճառված վնասի չափի հետ, պարտավորվում է հատուցել այն և առաջադրված մեղադրանքում իրեն մեղավոր է ճանաչում: Դատարանը քննությունն անցկացրել է աագացված կարգով:
Դատարանը, հիմք ընդունելով նախաքննական մարմնի կողմից մեղադրանքի հիմքում դրված ապացույցները, հաստատված է համարել, որ ամբաստանյալը կատարել է ՀՀ քր. օր-ի 185 հոդվածով նախատեսված արարք, որով էլ նա պետք է քրեական պատասխանատվություն կրի: Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունը և պատիժը ինչպես՝ մեղմացնող, այնպես էլ՝ ծանրացնող հանգամանքներ չի նշել, իսկ անձը բնութագրող հանգամանքներ է համարում կատարածի համար անկեղծորեն խոստովանելն ու զղջալը: