Բաժիններ՝

Ինչ հաջողություններ և անհաջողություններ են ունեցել խոշորագույն հարկատուները

Հանրապետության 1000 խոշոր հարկատուները միասին այս տարվա առաջին կիսամյակում պետբյուջե են վճարել 325.9 միլիարդ դրամի հարկեր ու տուրքեր։ Ինչպես երևում է ՀՀ ֆինանների նախարարության՝ հարկային ծառայության կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկից, 1000 խոշորները նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ ավելացրել են հարկերը 12.1 միլիարդ դրամով կամ 3.8%-ով։

Այդ թվում, ուղղարկի հարկերն աճել են 3.6 միլիարդ դրամով (3.3%-ով), իսկ անուղղակի հարկերը՝ 20.8 միլիարդ դրամով (13.3%-ով)։

Առաջին կիսամյակի տվյալներով խոշորագույն հարկատուն և հարկերի առավելագույն աճ գրանցած ընկերությունը Գազպրոմ Արմենիան է։ Հաշվետու ժամանակահատվածում ընկերությունը պետբյուջե է վճարել 23.9 միլիարդ դրամի հարկեր և տուրքեր, ինչը 4.5 միլիարդ դրամով (23.5%-ով) գերազանցում է նախորդ տարվա նույն ժամանակահատվածի ցուցանիշը։ Բնականաբար, այս թռիչքը պայմանավորված է նախորդ տարվա կեսից գազի սակագնի բարձրացմամբ, որի արդյունքում պետբյուջե մտնող ԱԱՀ-ի ծավալը մեծացել է։

Ղ-Տելեկոմի (Վիվասել) վճարած հարկերի չափը նվազել է 951 միլիոն դրամով (8.5%)-ով և կազմել 10.2 միլիարդ դրամ։ Չնայած սրան՝ նախորդ տարվա առաջին կիսամյակի համեմատ ընկերությունը առաջադիմել է 1 հորիզոնականով և այս պահին հանրապետության երկրորդ խոշոր հարկատուն է։

Կարդացեք նաև

Ցանկի երրորդ հորիզոնականում ԱԺ պատգամավոր Սամվել Ալեքսանյանի հետ փոխկապակցված Ալեքս-Գրիգն է, որը պետբյուջե է վճարել 6.7 միլիարդ դրամ (աճը՝ 2.8 միլիարդ դրամ կամ 42.4%)։

Հատկանշական է, որ Սամվել Ալեքսյանյանի հետ փոխկապակցված մեկ այլ ընկերություն՝ Սամ-Սեր Գրուպը, 2.3 միլիարդ դրամով նվազեցրել է հարկերը՝ 4 միլիարդ դրամից հասցնելով 1.6 միլիարդի։ Արդյունքում, Սամ-Սեր Գրուպը 9-րդ հորիզոնականից նահանջել է 32-րդ հորիզոնական։

Խոշոր հարկատուների ցանկի անհաջողակներից է Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատը։ Նախորդ տարվա առաջին կիսամյակում այս ընկերությունը երկրորդ խոշոր հարկատուն էր՝ 12.8 միլիարդ դրամի հարկերով։ Այս տարի ԶՊՄԿ-ը վճարել է 6 միլիարդ դրամ և նահանջել 5-րդ հորիզոնական։

Աճի տպավորիչ ցուցանիշներ են արձանագրել արդյունաբերության ոլորտի երկու ընկերություններ։

Գրանդ-Տոբակոն կրկնապատկել է պատբյուջե վճարված հարկերի ծավալը՝ 2.3 միլիարդ դրամից հասցնելով 4.5 միլիարդի։ Արդյունքում 20-րդ հորիզոնականից տեղափոխվել է 9-րդ հորիզոնական։

Խոշոր հարկատուների տասնյակում է հայտնվել նաև Երևանի կոնյակի գործարանը։ Ընկերությունը հաշվետու ժամանակահատվածում վճարել է 3.66 միլիարդ դրամ (աճը՝ 1.2 միլիարդ դրամ կամ 50%)։

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս