Բաժիններ՝

Հովիկ Աբրահամյանն ու Երվանդ Զախարյանը խուսափում են հանդիպել «Նաիրիտի» հնարավոր ներդրողների հետ (տեսանյութ)

ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը և էներգետիկայի ու բնական պաշարների նախարար Երվանդ Զախարյանը խուսափում են հանդիպել «Նաիրիտ» գործարանի հանդեպ հետաքրքրություն դրսևորած եվրոպացի ներդրողների հետ: Այսօր առավոտյան ներդրողների ներկայացուցիչները Հայաստանից մեկնել են՝ առանց հանդիպելու վարչապետին կամ նախարարին: Նրանց փոխարեն, ինչպես լրագրողներին հայտնեց Եվրոպայի հայկական միությունների ֆորումի (ԵՀՄՖ) նախագահ Աշոտ Գրիգորյանը, իրենց հետ հանդիպել է էներգետիկայի ու բնական պաշարների փոխնախարար Իոսիֆ Իսայանը: Ըստ նրա՝ հիմնականում քննարկվել է 2 հարց՝ ինչպես է վերաթողարկվելու գործարանը և ինչպես է լուծվելու պարտքերի խնդիրը: Փոխնախարարին ներկայացվել են «Նաիրիտի» վերագործարկման նպատակով եվրոպական մի քանի ընկերությունների կողմից ստեղծված «Նաիրիտ-ԻՆՎԵՍՏ» կոնսորցիումի ծրագրերը, Միջպետական բանկին հղված նամակը, որի պատասխանը դեռ չի ստացվել:

«Նաիրիտի» նախկին տնօրեն Կարեն Իսրաելյանի խոսքով՝ գործարանն այս վիճակում հաջորդ ձմեռն «անց չի կացնի», աշխատակիցներն առանց այդ էլ ծանր վիճակում են, իսկ Ռուսատանում քիմիկոսների կարիքը մեծ է և արտագաղթն անխուսափելի կլինի: Նա ներկայացրեց, թե առաջին փուլում 30 մլն դոլար ներդրումներն ինչ ուղղությամբ է ծախսվելու և ինչ աշխատանքներ են իրականացվելու գործարանում և ինչպես է առավել նպատակահարմար սկսել արտադրությունը:

Ըստ Ա.Գրիգորյանի՝ գործարանի պարտքերի ավելի քան 300 մլն դոլարը կողոպտված է, որի համար պատասխանատու են ՀՀ նախկին վարչապետ Տիգրան Սարգսյանը, էներգետիկայի և բնական պաշարների նախկին նախարար Արմեն Մովսիսյանը և ՀՀ-ում Միջպետական բանկի ներկայացուցիչ, «Նաիրիտ գործարան» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Վահան Մելքոնյանը: Նա շեշտեց, որ կամ պետք է այս եռյակը պատասխանատվության ենթարկվի, կամ պետք է դատի տալ նրանց մեղադրողներին, իսկ քանի դեռ իշխանությունն ու իրավապահ մարմինները լռում են, դա նշանակում է, որ համաձայն են հնչող մեղադրանքների հետ:

Ա.Գրիգորյանն անդրադարձավ նաև Չինաստանին կաուչուկի արտադրության մի հոսքագծի վաճառքին. «Վարչապետ Տիգրան Սարգսյանը ոչ միայն «Նաիրիտի» տունն է քանդել՝ դրա աշխատանքը կասեցնելով, այլ շուկայի հերն է անիծել՝ Չինաստանում մրցակից արտադրանք ստեղծելով»: Ընդ որում, ըստ նրա, ճապոնացիները բողոքարկել են այդ վաճառքը, քանի որ նոու հաուն հայերը գնել էին ճապոնացիներից և չինացիներին վաճառքի գնի մեջ դա չի հաշվվել:

Կարդացեք նաև

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս