
Ուկրաինայի ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ է ԵՄ-ի կողմից ՌԴ-ի հանդեպ նոր պատժամիջոցների սահմանում. Քեմերոն

Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայի վարչապետ Դևիդ Քեմերոնը երեկ երեկոյան հայտարարել է, որ Ուկրաինայի ճգնաժամին վերջ դնելու համար անհրաժեշտ է, որ ԵՄ-ը հետագա պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի հանդեպ:
Խոսելով մալայզիական Boeing-ի կործանման մասին՝ Քեմերոնը կարծիք է հայտնել, որ դրան հանգեցրել է Ուկրաինայում իրավիճակի էսկալացիան. «Եվ դրա համար էլ մենք բնականաբար պետք է ապահովենք աղետի վայրի մատչելիությունը և կազմակերպենք արժանի հետաքննություն, սակայն մեզ անհրաժեշտ է հասնել ավելիին: Մեզ անհրաժեշտ է կանգնեցնել Ռուսաստանի կողմից Ուկրաինայի ապակայունացումը և դա նշանակում է հետագա պատժամիջոցներ»:
Երեկ Բրյուսելում տեղի ունեցած ԵՄ-ի անդամ երկրների արտգործնախարարների խորհրդի նիստում որոշվել է Ռուսաստանի դեմ նոր պատժամիջոցներ սահմանելու հարցը հետաձգել հինգշաբթի: