ԱՄՆ-ի զինված ուժերում աճել է ինքնասպանությունների քանակը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ ընթացիկ տարում ԱՄՆ-ի զինված ուժերում ինքնասպանությունների թիվն աննշան աճել է՝ համեմատած նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածի հետ: Այս մասին երեկ հայտնել են ամերիկյան ԶԼՄ-ները, որոնց տրամադրության տակ են հայտնվել Պենտագոնի նախնական տվյալները:
Դրանց համաձայն, գործող զորքերում զինծառայողների ինքնասպանության 161 դեպքերը գրանցվել են մինչև հուլիսի կեսը: Նախորդ տարվա հաշվետու ժամանակահատվածում գրանցվել էր ինքնասպանության 154 դեպք: Ինքնասպանությունների թիվն աճել է ծովային հետևակայինների թվում, մինչդեռ ռազմաօդային ու ռազմածովային ուժերում նվազել է դրանց քանակը:
Նախնական տվյալները նաև վկայել են, որ 2013 թվականին ԱՄՆ-ի զինված ուժերում ինքնասպանությունների ընդհանուր քանակը, 2012 թվականի հետ համեմատ, 319-ից նվազել է մինչև 259-ի, այսինքն՝ գրեթե 20 տոկոսով: