ԼՂՀ ԱԺ խմբակցությունները Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ հայտարարությամբ են հանդես եկել

ԼՂՀ ԱԺ խմբակցությունները Լեւոն Հայրապետյանի կալանավորման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ են հանդես եկել, որում նշվում է.

«Ս.թ. հուլիսի 15-ին Մոսկվայում բերման է ենթարկվել հայազգի գործարար Լեւոն Հայրապետյանը: Ռուսաստանի Դաշնության Քննչական կոմիտեի միջնորդությամբ, դատարանը նրա հանդեպ խափանման միջոց է ընտրել երկամսյա կալանքը եւ նրան մեղադրանք է առաջադրվել ապօրինի տնտեսական գործունեությամբ զբաղվելու համար:

Մենք առաջնորդվում ենք անմեղության կանխավարկածով եւ ձեռնպահ ենք մնում նաեւ քաղաքական գնահատականներից: Լինելով հայրենասեր մարդ, Լեւոն Հայրապետյանը տարիներ շարունակ իր հայրենիքում՝ Արցախում իրականացրել է բազմաթիվ բարեգործական ծրագրեր՝ նպաստելով մեր երկրի սոցիալ-տնտեսական զարգացմանը:

Համարում ենք, որ նախաքննության մարմինը առանց ձգձգելու պետք է փոխի խափանման միջոցը՝ ազատելով նրան կալանքից, հաշվի առնելով նաեւ Լեւոն Հայրապետյանի առողջական վիճակը:

Մեր կարծիքով, իբրեւ օրինապաշտ քաղաքացի եւ բարձրակիրթ անձնավորություն, Լեւոն Հայրապետյանը, ազատության մեջ գտնվելով, համակողմանի աջակցություն կցուցաբերի նախաքննությանը եւ օգտակար կլինի` պարզելու այն հարցերը, որ հետաքրքրում են ՌԴ Քննչական կոմիտեին:

Կատարվածը մենք ընդունում ենք որպես ցավալի թյուրիմացություն եւ համոզված ենք, որ ՌԴ իրավապահ մարմինները կկարողանան իրականացնել օբյեկտիվ եւ համակողմանի հետաքննություն, որի արդյունքում կապացուցվի Լեւոն Հայրապետյանի անմեղությունը:

«Դաշնակցություն»
«Ժողովրդավարություն»
«Հայրենիք» խմբակցություններ եւ
«Արցախատուն» պատգամավորական խումբ»:

Տեսանյութեր

Լրահոս