Բաժիններ՝

Ադրբեջանցիները սուտ տեղեկություն են տարածել, թե իբր Լևոն Հայրապետյանը սեփական բանակ է ստեղծում. Կոմանդոս

Լևոն Հայրապետյանը ոչ թե պարզապես մեծահարուստ է, գործարար, այլ բարերար է և ազգային գործիչ` առաջին հերթին Արցախի համար: Այսպես են Մոսկվայում նախորդ շաբաթ ձերբակալված գործչի մասին արտահայտվում նրա մտերիմները, ովքեր այսօր հանդես եկան մամուլի ասուլիսով` ի պաշտպանություն Լևոն Հայրապետյանի: Նրանց թվում էին Կոմանդոսը` գեներալ Արկադի Տեր-Թադևոսյանը, ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը, բարերար Վահագն Հովնանյանը, ՀՀ պաշտպանության նախկին փոխնախարար Վահան Շիրխանյանը, արցախցի գրող, հրապարակախոս Բակուր Կարապետյանը, ովքեր խիստ մտահոգված և վրդովված են կատարվածով: Ի դեպ, ասուլիսին ներկա էր նաև Լևոն Հայրապետյանի ընկերներից հայտնի ջազմեն, դաշնակահար Լևոն Մալխասյանը:

Վահան Շիրխանյանի կարծիքով` տեղի է ունեցել թյուրիմացություն, և ամեն ինչ շուտով կպարզվի: «Մենք բոլորս պետք է խնդրենք համապատասխան մարմիններին, որ հաշվի առնելով նրա գործունեությունը, նրա առողջական վիճակը` փոխեն խափանման միջոցը: Ես համոզված եմ, որ դա թյուրիմացություն է»,- նշեց նա:

Այդուհանդերձ, Լևոն Հայրապետյանի ձերբակալությունը քաղաքական դրդապատճառներ ունի՞, թե՞ ոչ, գուցե դա հենց Ռուսաստանի իշխանությունների ուղղակի պատվե՞րն է: Թեև եղավ խնդրանք` փորձել չքաղաքականացնել կատարվածը, այնուամենայնիվ, այս հարցադրումները հնչեցին, սակայն տրված պատասխանները միանգամային տարբեր էին: Օրինակ, նույն Վ. Շիրխանյանը քաղաքական ենթատեքստ չի տեսնում այս գործում: Իսկ Արկադի Տեր-Թադևոսյանը, ով ձերբակալության հաջորդ օրը` հուլիսի 16-ին, հայտարարել էր, որ կատարվածը Ադրբեջանի պատվերն է, այսօր նշեց, որ Լևոն Հայրապետյանի ձերբակալումը կազմակերպել են Ռուսաստանի և Ադրբեջանի հատուկ ծառայությունները` «ФСБ»-ները:

«Ցանկացած գործողություն նախապատրաստվում է: Կան հեղինակներ և կան կատարողներ: Այդ հեղինակները, ովքեր ստեղծել են այս իրավիճակը, կապված չեն Ռուսաստանի ղեկավարության հետ: Սա շատ հնչեղ անունով` Ադրբեջանի և Ռուսատանի  «ФСБ»-ների բարձրաստիճան պաշտոնյաների որոշակի խումբ է: Ադրբեջանի հատուկ ծառայություններն արդեն վաղուց են հետևում Լևոն Հայրապետյանին: Նրանք բազում խնդիրներ ունեն, բայց ես իմ`ռազմական մասով կասեմ: Ռազմական խնդիրն այն է, որ Լևոն Հայրապետյանը, իրենց կարծիքով, ֆինանսավորում է ղարաբաղյան բանակը: Նրանց տարածած երկրորդ սուտ տեղեկությունն այն է, որ Լևոն Հայրապետյանը իբր սեփական բանակ է ստեղծում: Իրականությունն այն է, որ նա հովանավորում է զինվորական ուսումնարանի կառուցումը, որտեղ ես զինվորական խորհրդատու եմ: Եվ սա չէր կարող չանհանգստացնել ադրբեջանցիներին: Նրանք նպատակ էին դրել և հասան այդ նպատակին»,- հայտարարեց Կոմանդոսը:

Կարդացեք նաև

Բայց մի՞թե ՌԴ անվտանգության դաշնային ծառայությունը (ФСБ), առանց Կրեմլի հրահանգի, կարող էր դիմել նման քայլի: Արկադի Տեր-Թադևոսյանը պատասխանեց` այո, կարող էր: Ասուլիսի բանախոսների համոզմամբ` Ռուսաստանը բարձիթողի երկիր է, և այն ամբողջովին վերահսկելը շատ դժվար է, ուստի պարտադիր չէ, որ ձերբակալությունն իրականացվեր անմիջապես Կրեմլի ցուցումով:

Մի խոսքով, ինչպես ասում են` «թագավորի ձեռքերը մաքուր են»:

«Իսկ Ադրբեջանին զենքի վաճառքը նո՞ւյնպես առանց Կրեմլի իմացության է կատարվում,- տեղից հակադարձեց մի քաղաքացի, ով Երևան էր եկել Լոս Անջելեսից:- Մեր արժանապատվությունն այսքան հետևողականորեն ստորացնելուց հետո ինչ-որ մի ավանդույթ ձևավորվո՞ւմ է, թե՞ չէ: Մեր պաշտելի զորավար Անդրանիկի արձանը դնելուց 24 ժամ հետո հանեցին: Հիմա գնանք փնտրենք` ո՞ւմ էր ձեռնտու, թե՞ ով արեց: «Ով արեց»-ն է կարևոր, ոչ թե «ում էր ձեռնտու», պարզ է, որ թուրքերին ձեռնտու էր»:

Կարծիք հայտնեց նաև ազատամարտիկ Արթուր Ալեքսանյանը` նշելով, որ Լ. Հայրապետյանի ձերբակալությունը ադրբեջանական պատվեր է, քանի որ գործում շահագրգռված է «Լուկօյլ» ընկերությունը, որի նախագահը` Վահիդ Ալեկպերովը, ադրբեջանցի է:

Մոսկվայից հեռախոսով ասուլիսին միացած իրավաբան Արթուր Սաֆարյանն էլ հայտարարեց, որ Հայրապետյանի ձերբակալությունը և´ քաղաքական, և´ տնտեսական պատվեր է: Մասնավորապես, տնտեսական իմաստով նա խոսեց «Բաշնեֆտ» ընկերությանը Լևոն Հայրապետյանի առնչության մասին: Հիշեցնենք, որ Լևոն Հայրապետյանը ձերբակալվել է 2008 թ. «Բաշնեֆտ» ընկերության վաճառքի ժամանակ ֆինանսական խարդախություն անելու կասկածանքով:

Այնուամենայնիվ, Լևոն Հայրապետյանի մտերիմներն այնքան էլ չեն կարևորում հարցը` Լևոն Հայրապետյանի կալանավորումը քաղաքական, տնտեսական, թե մեկ այլ ենթատեքստ ունի: Նրանց կարծիքով` կարևորը ազգովի համախմբվելն է և միաձայն պայքարելը`իսկապես ազգասեր, Հայրենիքի ճակատագրով մտահոգ և առողջական ծանր վիճակում գտնվող հայ մարդու ազատմանը հասնելու համար:

Տեղեկացնենք, որ արդեն սկսվել է ֆեյսբուքյան առցանց ստորագրահավաք (Free Levon Hayrapetyan)` Լևոն Հայրապետյանին ազատ արձակելու պահանջով:

Մեկ այլ ուշագրավ փաստ Լևոն Հայրապետյանի մասին. ինչպես տեղեկացրեց արցախցի Բակուր Կարապետյանը, նա 18-րդ դարի հայտնի ազգային-ազատագրական գործիչ, Գանձասարի կաթողիկոս Եսայի Հասան-Ջալալյանի ուղիղ շառավիղն է` մայրական կողմից:

 

Արամ Սարգսյան

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս