Ինչու բիզնես հրեշտակները Հայաստան գրավիչ չեն համարում. Banks.am
Google, Apple, Amazon… եթե չլիներ բիզնես հրեշտակների աջակցությունը, դժվար թե երբեւէ առիթ ունենայինք լսելու այս եւ տեխնոլոգիական այլ աշխարհահռչակ բրենդների մասին:
Բիզնես հրեշտակներն (Business Angels) անկախ ներդրողներ են, ովքեր կարող են իրենց թույլ տալ ֆինանսավորել սկսնակ ընկերությանը նույնիսկ այն ժամանակ, երբ վերջինս գտնվում է գաղափարի փուլում:
Banks.am-ը փորձել է պարզել, թե ովքեր են բիզնես միջավայրի այդ հրաշագործները եւ ինչն է նրանց խանգարում գործունեություն ծավալել նաեւ Հայաստանում:
Ծրագրավորող Մինաս Քեշիշյանն արտասահմանցի բիզնես հրեշտակների հետ շփման փորձ ունի… Ճիշտ է` այդ փորձը ձախողված կարելի է համարել, բայց Քեշիշյանը դրանից դասեր քաղել է: Նա նշում է, որ քանի դեռ Հայաստանում տեղացի բիզնես հրեշտակներ չկան, ստիպված պետք է փորձել աջակցություն ստանալ արտասահմանյան բիզնես հրեշտակներից եւ վենչուրային հիմնադրամներից, նշելով, որ քիչ է հավանականությունը, որ այդ փորձերը հաջողությամբ կպսակվեն:
«Մի կայք կա, որտեղ կարող ես արտասահմանցի բիզնես հրեշտակներ գտնել, կապեր հաստատել եւ առաջարկել ներդրում կատարել քո ստարտափ նախագծում: Նախագիծդ ներկայացնում ես կայքում, եւ բիզնես հրեշտակները այն տեսնելով, հետաքրքրված լինելու դեպքում, գրում են քեզ: Այդպես, մի օր նամակ ստացա նրանցից մեկից. գրել էր, որ ներկայացնեմ ծրագրի մանրամասները, ապա ասաց, որ շուտով ինձ հետ կապ կհաստատեն, բայց մինչ օրս դա տեղի չի ունեցել»,- պատմում է ծրագրավորողը:
Նա նշում է, որ երբ բիզնես հրեշտակն իմանում է, որ այն ստարտափը, որի ֆինանսավորման համար դիմել ես իրենց, ոչ թե ԱՄՆ-ում կամ Եվրոպայում է գործելու, այլ Հայաստանում, ավելի է փոքրանում աջակցություն ստանալու հավանականությունը:
«Բիզնես հրեշտակը սովորաբար ցանկանում է այնպիսի նախագծում ներդրում կատարել, որն իրեն հեռավորության առումով մոտ է, որպեսզի անընդհատ կարողանա վերահսկողության տակ պահել գործընթացը»,- նշում է Մինաս Քեշիշյանը, հավելելով, որ հայկական ստարտափ ընկերությունների համար լավագույն տարբերակը կլինի տեղացի բիզնես հրեշտակների առկայությունը, բայց, ցավոք, հայ գործարարների գերակշիռ մասն անգամ չգիտի բիզնես հրեշտակ երեւույթի մասին:
Ամբողջական հրապարակումը՝ սկզբնաղբյուր կայքում