«Քաղցած չէին սպասում»-ի կադրերը քրեական գործում չկան. կան տրված բացատրությունները. pastinfo.am
«Հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին դրված է եղել ծիրանի օղի, մի հոգի էլ խմել է»,- «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց Վարդան Պետրոսյանի վթարի գործով տուժող կողմի շահերի ներկայացուցիչ Ռուբեն Բալոյանը:
Փաստաբանը նաև հայտնեց. «Ցուցմունքի մեջ գրված է` ես օղի եմ խմում»: Այս փաստերի վերաբերյալ այլ մանրամասներ փաստաբանը հրաժարվեց հայտնել` նշելով, որ դատաքննության ընթացքում ամեն ինչ կբացահայտվի:
Հիշեցնենք` հուլիսի 18-ին Կոտայքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում կայացած դատական հերթական նիստում Ռուբեն Բալոյանը միջնորդություն էր ներկայացրել դատարան, վկայակոչել «Հ2» հեռուստաընկերության «Քաղցած չէին սպասում» հաղորդաշարի վարողին և օպերատորին՝ Սուրեն Շահվերդյանին և Դավիթ Վարդանյանին, քանի որ, նրա խոսքով, վթարի օրն այդ հաղորդաշարի նկարահանող խումբը հյուրընկալվել էր Վարդան Պետրոսյանի ամառանոցում, և հաղորդման նկարահանման ժամանակ սեղանին օղի է եղել դրված:
Վարդան Պետրոսյանի պաշտպան Նիկոլայ Բաղդասարյանն էլ մեզ հետ զրույցում նշեց, որ Ռուբեն Բալոյանի հիշատակած բոլոր փաստաթղթերը, կցված են քրեական գործին: Հարցին, թե արդյոք քրեական գործի՞ն են կցված նաև հաղորդման նկարահանումների կադրերը, Նիկոլայ Բաղդասարյանը նշեց. «Կադրերը` չէ: Կան տրված բացատրություններ, որ երբ որ նկարահանում են, տարբեր ապրանքների գովազդ են անում, այդ թվում` նաև օղին, և հարց է հնչեցվել, թե, որպես կանոն, այն օղին, որ դուք գովազդում եք, մեջը ջո՞ւր է լցված լինում: Հաղորդման հեղինակները հարցաքննվել են, հայտնել են, որ շշի մեջ ջուր է լցված եղել»:
Նիկոլայ Բաղդասարյանը նշեց, որ իր պաշտպանյալի սթափ լինելը հաստատել է նաև նրան ստուգած բժիշկը: «Այստեղ կա նաև անժխտելի փաստ, որին շատ լավ տեղյակ է պարոն Բալոյանը, որ բժիշկը, որը եկել ստուգել է Վարդան Պետրոսյանին, գրել է, որ Վարդան Պետրոսյանը սթափ է, մի հանգամանք, որ կա քրեական գործի մեջ»,- ասաց փաստաբանը` հավելելով. «Բացառվում է, որ բժիշկը կեղծ տվյալ գրեր իր արձանագրության մեջ»:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: