Մոսկվայի օդանավակայան ոտք դնելուց հետո ՀՀ քաղաքացուն մեկուսացրել են. ԳԱԼԱ
ԳԱԼԱ-ի փոխանցմամբ՝ Մոսկվայում անհարկի քաշքշուկների մեջ են ընկնում հատկապես հայ միգրանտները, ովքեր ընտանիք պահելու «ճար» չունենալով, ստիպված են մեկնել ՌԴ՝արտագնա աշխատանքի եւ բախվում բազմաթիվ դժվարությունների:
Նրանցից մեկը հենց Երեւանի բնակիչ Արարատ Սմբատյանն է, ով մի քանի օր առաջ մեկնել է Մոսկվա՝ արտագնա աշխատանքի, սակայն հենց վայրէջքից հետո՝ Մոսկվայի օդանավակայան ոտք դնելուն պես, անմիջապես նրան մեկուսացրել են, անձնագիրը խլել եւ արգելել են թե՛ մուտք գործել ՌԴ, թե՛ վերադառնալ հայրենիք:
Դժվարություններից հետո ՀՀ քաղաքացին արդեն Երեւանում է, նա ներկայացել էր ԳԱԼԱ հեռուստաընկերության երեւանյան գրասենյակ՝արդեն պատմելու իր հետ կատարվածի մասին:
Մոսկվայի Վնուկովո օդանավակայանից նրան արգելել են դուրս գալ՝ պատճառաբանությամբ, թե դեռեւս 2008 թվականին ունեցել է տուգանք, որը չի վճարել, հետեւաբար հայտնվել է «սեւ ցուցակում»:
«Հայաստանից թռել եմ Մոսկվա՝Վնուկովո օդանավայական, էնտեղ ես պիտի անցնեի անձնագրային ստուգում, եւ հանկարծ իմ անձնագիրը վերցնում են, նայում են ու ասում՝ քեզ չի կարելի մուտք գործել ՌԴ: Հետո ինձ տանում են փակ տեղ ու հարցաքննում: Հարցնում եմ ինչո՞ւ, իրավունք չունե՞մ Հայաստանից դուրս գալու, ինչի՞ համար այս ամենը… իրանք ինձ պատասխանում են, որ ԱՊՀ երկրների ֆինանսաբանկային խորհուրդը քեզ արգելել է»: Արարատ Սմբատյանի խոսքերով՝ ինքը փորձել է պարզել պատճառները եւ իրեն հայտնել են, որ դեռեւս 2008 թվականին ունեցել է տուգանք, որը չի վճարել: Սակայն երիտասարդը հայտնել է, որ ինքը այդ ժամանակ Մոսկվայում չի եղել, ավելին՝ գտնվել է ծառայության մեջ:
«Ասում էին 2008 թվականին էկել ես ստեղ՝ Ռուսաստան ու շտռաֆ են արել քեզի՝ 3 հազար ռուբլի, բայց 2008 թ. ես պատրաստվում էի գնալ բանակ ու մեկնել եմ բանակ: Մի օր պահեցին՝ ոչ հաց, ոչ ջուր ու հետո ինձ ասեցին, որ հետ պետք է ուղարկեն Հայաստան»,- ասաց նա:
Ա. Սմբատյանի խոսքերով՝ ռուսական կողմը անընդհատ առանց պատճառաբանությամբ հետաձգել է իր՝ Հայաստան հետ վերադառնալը, ավելին, երբ իրեն ի վերջո հետ են ուղարկել, բեռը չեն տվել: Հայաստան հետ վերադառնալուց երեք օր հետո նոր միայն Զվարթնոց օդանավակայանից քաղաքացին կարողացել է ստանալ իր բեռը:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: