Ավտովթարից զոհվել է Սոլնցևյան հանցավոր խմբավորման «գորշ կարդինալը»
Ինչպես գրում է «ПраймКрайм» գործակալությունը, հուլիսի 14-ին ճանապարհատրանսպորտային պատահարի արդյունքում մահացել է 77-ամյա «օրենքով գող» Ջեմալ Խաչիձեն, ով համարվում էր Ռուսաստանի խոշորագույն «Սոլնցևսկի» հանցավոր խմբավորման անփոփոխ կուրատորը։ Գործակալության տեղեկություններով, Խաչիձեն, ով սովորաբար օգտվում էր վարորդի ծառայություններից, այս անգամ ինքն է որոշել նստել ղեկին, սակայն կորցրել է մեքենայի կառավարումը։
Վրաստանի Խաշուրիի շրջանը, որտեղ ծնվել է Խաչիձեն, երբեք աչքի չի ընկել քրեական հեղինակությունների քանակով և որակով։ Ինքը՝ Խաչիձեն, 1960-ականներին դատապարտվել է 15 տարի ազատազրկման, և հնարավոր է իր հայրենակիցներից շատերի նման ոչնչով աչքի չընկներ, եթե չլիներ մի դիպված, որը նրան հասցրեց կրիմինալ Օլիմպոսի բարձունքին։
Ջեմալի աստեղային ժամը վրա հասավ, երբ «սոլնցևյան» բանդիտները նրան առաջարկեցին միանալ իրենց։
80-ականների վերջերին ընդունված էր, հանցավոր խմբավորումները, իրենց շահերը սպասարկելու համար ներգրավում էին, այսպես կոչված, գրպանային «օրենքով գողերի», որպեսզի կարողանային ավելի բարձր մակարդակի հարցեր լուծել։ Որպես կանոն, քրեական աշխարհի այդ ներկայացուցիչները աչքի չէին ընկնում ազդեցությամբ և կյանքի տևողությամբ։ Խաչիձեն նրանց շրջանում թերևս ամենահեղինավորն էր. չէ՞ որ նրան «աշխատանքի էր տեղավորել» մինչ օրս էլ խոշորագույնը համարվող «Սոլնցևյան» խմբավորումը։ Այդ ժամանակներից ի վեր՝ նա սկսեց վեր բարձրանալ քրական հիերարխիայի աստիճանով և դասվեց մեր ժամանակների ամենահայտնի «օրենքով գողերի» շարքին։
Ի պատիվ իրեն՝ Ջեմալ Կոնստանտինովիչը զբաղվում էր ոչ միայն Միխասի և Ավերին եղբայրների առաջարկած հարցերով։ 1990-ականների սկզբներին նա ակտիվ մասնակցություն ունեցավ Ռուդիկի և Դեդ Հասանի միջև ծագած հակամարտությանը՝ պաշտպանելով Ռուդիկին։ Եվս 10 տարի անց նա հայտնվեց Հասանի հետ կոնֆլիկտ ունեցող Տարիել Օնիանիի համակիրների շարքում։ Այդ ժամանակ նրան այցելեցին Հասանի մարդիկ և հաշիվ պահանջեցին։ Խոսակցությունների համաձայն՝ Խաչիձեն անգամ զրկվեց գողական տիտղոսից։ Սակայն հետագայում ընդունեց իր սխալը, և հաշվի առնելով, որ նա հին սերնդի քրեական հեղինակություններից մեկն էր, նրան վերադարձվեց «օրենքով գողի» կոչումը։ Հետագայում Ջեմալը երբեք չմտավ վտանգավոր խաղերի մեջ։