Արդյո՞ք գտնվել է կորած Մուսասիրը. հայ գիտնականները չեն շտապում
Օրերս Livescience.com կայքը լուր տպագրեց այն մասին, որ Իրաքյան Քուրդիստանում հայտնաբերվել են հնագույն տաճարի հիմքեր: Ըստ որոշ գիտնականների` դրանք Վանի թագավորության գերագույն աստծուն` Խալդիին նվիրված տաճարի հիմքերն են, որ գտնվել է Մուսասիր (Մուծածիր) հնագույն քաղաք-պետության մեջ: Ինչպես հայտնի է` Մուսասիրը (ուրարտերեն` Արդինի) եղել է ուրարտական ցեղերի հոգևոր կենտրոնը, որն ավերվել է Ասորեստանի արքա Սարգոնի արշավանքների հետևանքով:
Հարյուր տարուց ավելի է` նշված տարածքում գիտնականներն անարդյունք փնտրում են Մուսասիրը: Սակայն ազգությամբ քուրդ հնագետ-պատմաբան, Նիդեռլանդների Լեյդենի համալսարանի դոկտորականի թեկնածու Դլշադ Մարֆ Զամուան հայտարարել է, որ դիպվածով տեղի բնակիչների գտած սյուները հենց Մուսասիրի հետքն են հուշում: Գիտնականի հոդվածը տպագրվել է գիտական ամսագրում, իսկ նա վերջերս Լոս Անջելեսում անցկացված մի գիտաժողովի ժամանակ պնդել է, որ Մուսասիրը գտնվելու ճանապարհին է: Հայկական և առհասարակ համաշխարհային պատմագիտության համար մեծ կարևորություն ունեցող այս լուրը մեկնաբանելու համար «168 Ժամը» հարցազրույց ունեցավ Հայաստանի Հնագիտության և ազգագրության ինստիտուտի տնօրեն Պավել Ավետիսյանի հետ:
– Պարոն Ավետիսյան, ծանո՞թ եք այն լուրին, որ գտնվել են Խալդի աստծուն նվիրված տաճարի հիմքերը:
– Իհա՛րկե ծանոթ եմ: Հայտարարվում է, որ գտնվել են տաճարի հիմքեր, բայց առայժմ հիմքերի մասին չենք կարող խոսել, գտնվածը խարսխանման սյուներ են, որոնք անծանոթ չեն ուրարտական ճարտարապետությանը: Այսօրվա Իրաքի կամ Քուրդիստանի հյուսիսային մասում, ոչ այնքան հեռու Իրաքի և Թուրքիայի սահմանից, կա Մջեսիր (որոշ տվյալներով` Մուջեսիր.- Ա.Թ.) անունով գյուղ, որը նաև հիշեցնում է Մուծածիր կամ Մուսասիր հնագույն անվանումը: Ընդհանրապես, ուրարտագիտության մեջ Մուծածիրի տաճարը փնտրվել է այն տարածքներում, որի մասին խոսում է մեր գործընկերը` Դլշադ Մարֆ Զամուան, բայց կոնկրետ տեղը ոչ ոք չգիտի: Ահա այդ Մջեսիր գյուղում և հարևանությամբ էլ գտնվել են սյան խարիսխներ, և քանի որ դրանք մոտ են ուրարտական ճարտարապետությանը, իսկ գյուղի անունն էլ հիշեցնում է Մուծածիր կամ Մուսասիր անվանումները, վարկած է առաջանում, որ գուցե գյուղն իր մեջ պահում է այն անվանումը, որ հնում եղել է: Ես վերջերս Լոս Անջելեսում մասնակցում էի գիտաժողովի, որին հրավիրված էր նաև Դլշադ Մարֆ Զամուան: Նա իր տեսակետը գիտական հիմքերի վրա բավականին հետաքրքիր ներկայացրեց` լուսանկարներով, գիտական հղումներով, բայց առայժմ որևէ լուրջ հետազոտման մասին խոսք լինել չի կարող: Պարզապես երիտասարդ գիտնականը հետաքրքրվում է Ուրարտուի պատմությամբ, նաև գիտի, որ այդ տարածքներում փնտրվել և փնտրվում է Մուծածիրը, գիտի, որ այդ տարածքները ժամանակին մտել են Ուրարտուի կազմի մեջ, ինքը բավականին պատրաստված, կարդացած, եվրոպական կրթական չափանիշներ կրող հնագետ է, իր դիտարկումներն է անում, որը հերքելը սխալ կլինի, ոչ էլ վստահաբար կարող ենք ասել, որ իր ասածը տաճարի հետքերն են:
– Ի՞նչ աշխատանք է պետք այն հաստատելու կամ հերքելու համար:
– Մենք արդեն պայմանավորվածություն ունենք նրա հետ, որ Լոս Անջելեսի Կոտսենի անվան հնագիտության ինստիտուտի աշխատակիցների և մեր ինստիտուտի հետ միասին կազմենք մի գիտական խումբ և գնանք ու նայենք գտնվածը, որովհետև իսկապես հետաքրքիր է: Ոչ մի դեպքում նշված դիտարկումներն անուշադրության մատնել չի կարելի: Պետք է գնալ և պարզել` ի՞նչ պոտենցիալ կա, ի՞նչ հեռանկար կա` զուտ հնագիտական տեսանկյունից:
– Լուսանկարները կան, հրապարակված են, հնարավո՞ր է նախնական ինչ-որ բան ասել լուսանկարների հիման վրա:
– Լուսանկարներ կան, կա իր հոդվածը` բավականին հետաքրքիր, որն արդեն տպված է գիտական ամսագրում, շատ լավ է, որ այդպիսի պատրաստված քուրդ մասնագետ կա տեղում, որն այնտեղ նաև հուշարձանների պահպանության կազմակերպությունում է աշխատում: Բայց լուսանկարների հիման վրա մենք ոչինչ չենք կարող ասել, հնագիտությունն այդպիսի չհաստատված, չուսումնասիրված դիտարկումներ չի սիրում: Եթե հետագայում պարզվի, որ մենք կամ ուրիշ մեկն այնտեղ այս ուղղությամբ պետք է աշխատի, կրկին մեկ, երկու տարվա մեջ ոչինչ հնարավոր չէ ասել. տասնյակ տարիների աշխատանք է պետք:
Այն, որ կան սյան խարիսխները` փաստ է, բայց գյուղացիները դրանք որտեղի՞ց են գտել` 3 կամ 100 կմ հեռվի՞ց են բերել, թե՞ գյուղից են գտել, սրանք բոլորը հարցեր են, որոնք տեղում աշխատանքի ժամանակ միայն կպարզվեն:
Այն, որ Մուսասիրը փնտրվել է այդ տարածքներում, և ենթադրվել է, որ այդ տարածքներում ինչ-որ մի տեղ պիտի լինի, բոլորն էլ գիտեն այդ մասին: Իհարկե, շատ հրաշալի կլինի, եթե պարզվի, որ Մուսասիրը հենց այդ գյուղում է, և հնարավորություն լինի պեղել` ինչ որ մնացել է: Ենթադրվում է, որ այնտեղ պիտի լինեն և՛ ամրոցը, և՛ քաղաքը, և՛ տաճարը: Ինչպես մեր Էրեբունին և Կարմիր բլուրը, նմանատիպ մի հուշարձան է ենթադրվում, որ լինի: Առայժմ մասնագետը պարսպի, ամրոցի հետք չի կարողանում ցույց տալ` բացի սյուներից, սակայն գտնվածն էլ ակնհայտորեն շատ նման է այն ամենին, ինչ մենք գտել ենք Էրեբունիում կամ այլ տեղ: Իսկ այդ տարածքն էլ հայկական լեռնաշխարհի հարավն է, կամ հայկական լեռնաշխարհին հարող տարածք է, մի խոսքով, այն, ինչ գտնվել է, գտնվել է պատմական Հայաստանի տարածքում:
– Լուսանկարներում կան նաև գտնված արձաններ, դրանք նո՞ւյնպես բնորոշ են ուրարտական մշակույթին:
– Ոչ, այդ արձաններն Ուրարտուի հետ առնչություն չունեն, դրանք այլ տեղերում են գտնվել, և համենայնդեպս, չեմ կարծում, թե ուրարտական մշակույթ են կրում: Այդպիսի արձաններ տարբեր տեղերում տարբեր ժամանակներում միշտ գտնվում են, նրանք չեն կարող չափանիշ լինել` Մուսասիր որոնելու համար: Այդ դեպքում ամեն արձան գտնող կարող է ասել, թե այստեղ եղել է Մուսասիրը:
– Իսկ ի՞նչ արձաններ են:
– Հնարավոր է` սկյութական: Բայց նորից եմ ասում` հնարավոր է: Հին, երկաթի դարին վերագրվող, հետաքրքիր արձաններ են:
– Եթե գտնվի Մուսասիրը, ինչպիսի՞ իրադարձություն կլինի հայ պատմագիտության և առհասարակ համաշխարհային պատմության համար:
– Ընդհանրապես, ցանկացած գրավոր սկզբնաղբյուրում հիշատակված որևէ վայրի, քաղաքի (որը շատ կարևոր դեր է խաղացել այս կամ այն հասարակության կյանքում) գտնվելն ու հնագետների կողմից ուսումնասիրելը, բնականաբար, բացառիկ նշանակություն կունենա: Իսկ այս դեպքում, հատկապես մեզ համար, քանի որ մենք գտնելու ենք Հայաստանի տարածքում ձևավորված հնագույն պետություններից մեկի կրոնական կենտրոնը կամ այդ տարածաշրջանի կրոնական կենտրոնը, որովհետև, ամենայն հավանականությամբ, Մուսասիրը եղել է ոչ միայն ուրարտացիների կրոնական կենտրոնը, այլև (ինչպես Դելֆյան տաճարը` ողջ հունական աշխարհի համար) կրոնական կենտրոն է եղել շրջակա ողջ աշխարհի համար: Թեև, իհարկե, այն հենց Խալդի աստծուն նվիրված տաճար էր:
– Հայաստանն, առհասարակ, ինչպե՞ս է նման հետազոտություններ իրականացնում օտար պետությունների տարածքում:
– Որևէ պեղում, եթե այն հատկապես մեր երկրի սահմաններից դուրս է, լուրջ ֆինանսների հետ է կապված: Մեր ինստիտուտն իր հնարավորությունների սահմաններում ինչ-որ բան կնախատեսի, բայց դա շատ-շատ քիչ կլինի մեր նպատակներն իրագործելու համար: Քանի որ այս դեպքում կա նաև ամերիկյան կողմի հետաքրքրությունը, ուրեմն, նրանց ներդրումները շատ ավելին պիտի լինեն, և նաև այս նպատակով կազմվելիք գիտական խումբը պետք է գտնի այն միջազգային հիմնադրամները, որոնք կֆինանսավորեն աշխատանքները: Առայժմ ջուրը չտեսած` «հոպ չասենք», գնանք տեսնենք` ի՞նչ կա այնտեղ: Եթե պարզվի, որ գործ ունենք Խալդիին նվիրված տաճարի կամ Մուսասիր քաղաքի հետ, ապա այդ դեպքում ամեն ինչ պետք է արվի, որ պեղումներ սկսվեն, ինչին արդեն մեր կառավարության միջամտութունն էլ անհրաժեշտ կլինի:
– Ե՞րբ է գիտնականների խումբը պատրաստվում մեկնել Քուրդիստան:
– Մենք նախատեսել էինք հոկտեմբերին գնալ, բայց քանի որ այնտեղ իրադրությունը կայուն չէ, մեզ դիվանագիտական խողովակներով տեղեկացրին, որ օտարերկրյա քաղաքացիների տեղաշարժվելու հնարավորությունները խիստ սահմանափակ են այդ տարածքներում: Այդ դեպքում, մենք, ըստ էության, չենք կարողանա մասնագիտական դիտարկումներ անել, ուրեմն այս տարի գնալն իմաստ չունի` և՛ ժամանակի, և՛ ֆինանսական միջոցների կորուստ կլինի: Այն պահին, երբ հնարավոր կլինի շրջայցային լուրջ ուսումնասիրություն կատարել, շրջել տարածքում, քարտեզագրել, առաջին նախնական, մասնագիտական դիտարկումներն ու ուսումնասիրություններն անել, առաջին իսկ առիթի դեպքում կգնանք: