Բռնված դիվերսանտները ռազմագերու կարգավիճակ չեն կարող ստանալ. ՊՆ
Վերջին օրերին Ադրբեջանի ղեկավարությունը փորձեր է ձեռնարկում հրաժարվել անցյալ շաբաթվա վերջին վնասազերծված ադրբեջանական դիվերսիոն խմբի գերեվարված անդամներից, միաժամանակ ջանալով, որ նրանց տրվի ռազմագերիների կարգավիճակ:
Տվյալ պարագայում դա անհնարին է, քանզի Միջազգային մարդասիրական իրավունքը, մասնավորապես` «Ռազմագերիների հետ վարվելակերպի մասին» Ժնևի կոնվենցիայի 4-րդ հոդվածը, հստակ սահմանում է այն անձանց, որոնց կարող է տրվել ռազմագերու կարգավիճակ:
Առկա են անհերքելի ապացույցներ, որ իրականում գործ ունենք հանցավոր խմբի հետ, որը հավաքագրվել և դիվերսիոն նպատակներով օգտագործվել է ադրբեջանական իշխանությունների կողմից:
Վնասազերծված դիվերսիոն խմբի անդամները չեն ունեցել որևիցէ տարբերանշան և կոպտորեն խախտել են միջազգային իրավունքով սահմանված պատերազմի օրենքներն ու սովորույթները` դաժան ու անմարդկային կերպով ոտնձգություն իրականացնելով քաղաքացիական բնակչության նկատմամբ:
Վնասազերծված դիվերսիոն խմբի հանցավոր գործունեության համար` պետության տարածքի ապօրինի հատում, սպանություն և սպանության փորձ, հատուկ պահպանվող տարածքների ապօրինի նկարահանման փորձեր և այլն, քրեական օրենսդրությամբ նախատեսված են հստակ պատիժներ:
Ուստի, նրանց նկատմամբ քրեական հետապնդում կիրականացվի քրեական օրենսդրությամբ նախատեսված ընդհանուր կարգով` արդար դատաքննության և Մարդու իրավունքների պաշտպանության համընդհանուր միջազգային իրավունքի սկզբունքների պահպանմամբ:
Անհրաժեշտության դեպքում նշված անհերքելի ապացույցները կարող են ներկայացվել շահագրգիռ միջազգային կառույցներին:
ՀՀ պաշտպանության նախարարություն