«Իսլամական պետություն» խմբավորման զինյալները նավթի վաճառքից օրական վաստակում են մոտ 1 միլիոն դոլար
The Telegraph-ի փոխանցմամբ՝ «Իսլամական պետություն» խմբավորման զինյալները, որոնք Իրաքում ու Սիրիայում իրենց վերահսկած տարածքներում հայտարարել են իսլամական խալիֆայության ստեղծման մասին, օրական վաստակում են խոշոր գումարներ:
Նրանք իրենց վերահսկած տարածքներում գտնվող նավթահանքերի նավթի վաճառքից ստանում են օրական գրեթե 1 միլիոն դոլար: Պարբերականի տվյալներով՝ զինյալներից նավթը գնում են Թուրքիան ու Իրանը: Փորձագետները կարծում են, որ նրանք նավթը վաճառում են շատ ցածր գնով՝ մեկ բարելի համար 25 դոլար:
Նավթային գործարքների կենտրոն է դարձել Իրաքյան Քրդստանի սահմանի մոտ գտնվող Թուզ-Հուրմատու քաղաքը: Իսլամիստների վերահսկողության տակ են Բայջի քաղաքում գտնվող նավթավերամշակման խոշորագույն գործարանը և «Քիրքուք-Ջեյհան» նավթամուղի մի մասը: Զինյալներն այդ գումարներով կարող են գնել զենք և շահել տեղի զինվորականների ու շեյխերի համակրանքը: