Եվ դարձյալ՝ Կոմիտասի մասին
Ձեռքիս տակ է ձեռագիր, որտեղ շարադրված են դաշնակահարուհի, երգչուհի (մեցցո-սոպրանո), երաժշտագետ, մանկավարժ, Կոմիտասի աշակերտ Մարգարիտ Բաբայանի (1874-1968) տպավորությունները` 1914թ. հունիսի 1-15-ը Փարիզում կազմակերպված միջազգային երաժշտական գիտաժողովից: Չգիտեմ` այս ձեռագիրն ինչ-որ տեղ տպվե՞լ է, թե՞ ոչ: Փնտրեցի Կոմիտասին նվիրված աշխատությունների, հոդվածների, նամակների մեջ: Ոչ մի տեղ չկար: Ամեն դեպքում, ներկայացնում ենք ձեռագիրն այնպես, ինչպես է՛ : Թվագրված է` 1914 թ., հունիսի 17, Փարիզ:
«Ահա այսօր իր աշխատութիւններն աւարտեց Երաժշտական Միջազգային Համաժողովը, որ տեւեց յունիսի 1-էն մինչև յունիս 15-ը, և որուն եկած էին մասնակցելու մինչեւ քսան ազգի երաժիշտ ներկայացուցիչներ: Դժբախտաբար, ոչ հնար ունիմ և ոչ էլ ժամանակ` խօսելու համաժողովի բոլոր մանրամասնութիւնների` թէ՛ գիտական, թէ՛ նուագահանդէսների մասին: Այս մի քանի տողը պիտի նուիրեմ միայն Հայ երաժշտութեան:
Այս համաժողովին մէջ, որ հինգերորդն է, Հայ երաժշտութիւնը ունեցաւ իր պատուաւոր և արժանի ներկայացուցիչը՝ յանձին Կոմիտաս վարդապետի, որ այդ երկու շաբթուան մէջ գրաւեց միջազգային բոլոր երաժիշտների թէ՛ համակրութիւնը և հիացմունքը` իբրեւ մեծ արուեստագէտ, և թէ գիտնականների (musicologue) խորին հետաքրքրութիւնը և յարգանքը:
Համաժողովին առաջին շաբաթը նւիրուած լինելով գիտական աշխատութիւնների` Կոմիտաս վարդապետ երկու դասախոսութիւն պիտի կարդար,- առաջինը La notation ancienne et moderne de la musique religieuse armenienne-չորեքշաբթի, յունիս 4-ին Historie religieuse section-ին մէջ, որին նախագահն էր Mr. A. Gastoue-ը: Այդ աշխատութիւնը վարդապետին գիտական հոյակապ գործին մի մասն է: Դա հետազօտութիւնն է հին խաղերի և ուսումնասիրութիւն Էջմիածնայ մատենադարանի և այլ տեղերի ձեռագրերի, չափազանց հետաքրքիր:
Դասախօսութեան լրանալուց յետոյ (աւելորդ է ասել, թէ բուռն ծափահարութիւններով ընդունուեցան վարդապետին բոլոր դասախօսութիւնները) նախագահ պ. Gastoue դարձաւ հանդիսականներին, հարցնելով թէ արդեօք ոևէ լրացնելիք կամ նկատելիք ունի՞ն: Ինքը Wagner-ը վեր կացաւ և հետեւեալը արտասանեց. «Սրանից մի քանի տարի առաջ, երբ ես Երուսաղէմ էի գնում, նաւին մէջ հանդիպեցայ մի հոգևորականի և , ըստ իմ սովորութեան մօտենալով, հարց ու փորձ արի եկեղեցական խաղերի մասին առհասարակ: Եւ հոգեւորականը, որ հայ էր եւ ինչպէս բոլոր Հայերը, որոնց պատահած եմ, շատ ազնուօրէն և սիրարժան կերպով պատասխանեց ինծի: Թեեւ նա իմ լեզուն չգիտէր և ես նրանը,- սակայն կարողացանք իրար հասկանալ: Տեսնելով, որ ես չափազանց հետաքրքրւում եմ Հայոց երաժշտութեամբ` վարդապետը վրայ բերեց եւ ասաց, թէ «Մենք ունինք մի Կոմիտաս վարդապետ, որ շատ երկար ժամանակ զբաղւում է այդ հարցով, և նա՛ միայն կարող է քեզ լիուլի գոհացում տալ»: Մտքիցս չէր կարող անցնել, որ այստեղ, Փարիզի մէջ, պիտի ծանօթանամ Կոմիտաս վարդապետին հետ և նրա բերնից իսկ լսեմ այն ամէնը, ինչ որ հետաքրքրում է ինձ: Ինչ կը վերաբերի դասախօսութեանը` ոչինչ չունիմ աւելացնելու` բացի շնորհակալութիւն յայտնելուց: Անհամբեր կերպով սպասում եմ Կոմիտաս վարդ.-ի բոլոր աշխատութիւնների հրատարակուելուն, որոնք իրենց մէջ շատ մեծ գանձեր են պարունակում թէ՛ հայ եւ թէ՛ հին յունական երաժշտութեան մութ կետերի լուսաբանութեան համար»:
Երկրորդ դասախօսութիւնը` La musique popularize armenienne, տեղի ունեցավ Ethnologie section սրահին մէջ և որին նախագահն էր Պ.Լուի Լալուա: Կոմիտաս վարդապետ բացատրեց հայկական ժողովրդական երգի կազմը, նրա տեսակները, ժողովրդական ձայնաշարը` ինքը կատարելով երգերը և բազմաթիւ օրինակներ բերելով: Այնուհետեւ նուագեց փողի վրայ և բացատրեց նրա կազմը: Դժուար է պատմել այն բուռն հիացմունքը, որ պատել էր այդ գիտնական երաժիշտներին: Բոլորը մօտենում էին` դասախօսութիւնից յետոյ նրա ձեռքը սեղմելու և իրենց անկեղծ հիացմունքն արտահայտելու: Եւ երբ նախագահը իր շնորհակալութիւնը յայտնեց վարդապետին և յայտարարեց, որ տեղիս Հայոց եկեղեցում շաբաթ` յունիս 6-ին երեկոյեան, եկեղեցական արարողութիւն է լինելու և երաժշտական մասը պիտի կատարուի Կոմիտաս վրդ.-ի ղեկավարութեամբ, պէտք էր տեսնել այն հետաքրքրութիւնը և ուրախութիւնը, որ յայտնեցին բոլոր անդամները:
Չնայած որ վարդապետը երկու դասախօսութիւն պիտի կարդար, բայց Ethnologie section-ին նախագահ Պ. Լուի Լալուա յատկապես խնդրեց, որ շաբաթ առաւօտ, յունիս 6-ին, վարդապետը երրորդ դասախօսութիւն մը կարդայ Հայկական երաժշտութեան rythme-ի, ամանակի և տաղաչափութեան մասին: Վարդապետին այդ հետազօտութիւնը մասնաւոր նշանակութիւն ունի, որովհետեւ լոյս կը սփռէ հին Յունաց երաժշտական rythme-ը պարզելու: Ուրեմն կարելի է երեւակայել, թէ ինչպիսի հետաքրքրութիւն էր զարթեցրել այդ պատուական գիտնականների մէջ:
Բոլոր այս աշխատութիւնները լոյս կը տեսնեն համաժողովի վերջանալուց յետոյ մի քանի հատորների մէջ ամփոփուած:
Այստեղ աւելացնեմ հռչակաւոր գիտնականներու մէջէն Prof.Adler-ի (Վիեննա), prof.Denth-ի (Քէմպրիճ), Louis Laloy-ի (Փարիզ), Johannes Wolft-ի (Բերլին) և ուրիշների ընդհանուր կարծիքը, որ Կոմիտաս վրդ.-ի դասախօսութիւնները առաջնակարգ տեղ են գրաւել համաժողովի գիտական բաժինների մէջ:
Հայոց եկեղեցին ծայրէ ի ծայր լի էր շաբաթ իրիկուն, յունիս 6-ին: Աշխարհիս երաժիշտներն այնտեղ էին, որոնք խօրին ակնածութեամբ ու մինչեւ իսկ յուզմունքով հետեւեցին ամբողջ արարողութեանը: Կոմիտաս վարդապետ մի քանի զմայլելի մեղեդիներ երգեց` իմ երկու սիրելի աշակերտուհիներիս` օրիորդներ Իսկուհի Գավանօզեանի և Մաննիկ Պէրպէրեանի հետ. մենք փոքրիկ կանացի խումբ էինք կազմել: Պ.Ա. Շահ-Մուրատեանը բերած էր իր ուժեղ և գեղեցիկ ձայնը, թէ՛ առանձին և թէ՛ Կոմիտաս վարդապետին և պ. Միսքչեանին հետ մասնակցելով եկեղեցական երգերին»:
Հ.Գ. Մարգարիտ Բաբայանի հիշատակած Վագները, ամենայն հավանականությամբ, Ռիխարդ Վագների որդին է՝ Զիգֆրիդ Վագները (1869-1930): Ի դեպ, Ռիխարդ Վագների կինը Ֆերենց Լիստի դուստրն էր: