Բաժիններ՝

Բրեժնևի անձնական լուսանկարիչ Վլադիմիր Մուսայելյանի հուշերը. Լեոնիդ Իլյիչը լուսանկարները համարում էր քաղաքականության մաս

Ռուսաստանյան «Կոմսոմոլսկայա պրավդա» պարբերականն անդրադարձել է հայտնի լուսանկարիչ, ԽՍՀՄ Կենտկոմի առաջին քարտուղար Լեոնիդ Բրեժնեւի անձնական լուսանկարիչ, քաղաքական ռեպորտաժի վարպետ Վլադիմիր Մուսայելյանի 75 –ամյակին: Թերթը հարցազրույց է հարպարակել հայազգի լեգենդար լուսանկարչի հետ:

-Ես սիրում եմ իմ գործը: Սեպտեմբերին կլրանա 54 տարին, ինչ ոտք դրեցի ԻՏԱՌ-ՏԱՍՍ: Մասնագիտությունս թույլ է տվել լինել տարբեր երկներում, երկու անգամ հատել եմ հասարակածը, եղել եմ Ճապոնիայում, Աֆրիկայում: Այնուհետեւ ինձ ուղարկեցին տիեզերք, աշխատել եմ առաջին տիեզերագնացների հետ: Լուսանկարել եմ Նիկիտա Խրուշչովին: 1969թ. սկզբին, երբ հայտնվեցի Բրեժնեւի մոտ, բավականին փորձ էի կուտակել:

b2

Վլադիմիր Մուսայելյան

-Ինչպե՞ս դարձաք Բրեժնեւի անձնական լուսանկարիչը:

-Մի անգամ նրա հետ գործուղման մեկնեցի: Հետո` նորից: Լեոնիդ Իլյիչը հետեւում էր իմ աշխատանքին, եւ գործուղումներից մեկի ժամանակ հարցրեց. «Իսկ ուր է Մուսայելյանը»: Շատ հստակ արտասանեց իմ ազգանունը (սովորաբար այն աղավաղում էին) եւ ես հասկացա, որ նա ինձ հիշել է:

-Ինչպիսի՞ն էր Բրեժնեւն անձամբ Ձեզ համար:

-Նա նայում էր քեզ, եւ անհնար էր ստել: Տեսնում էր մինչեւ հոգուդ խորքը: Նա բարյացակամ մարդ էր, ինչպես Հենրի Քիսինջերն էր ասել նրա մասին` «իսկական ռուս մարդ, զգացմունքներով լեցուն»:

-ՊԱԿ-ը գրաքննության ենթարկո՞ւմ էր լուսանկարները. ի՞նչն էր կարելի, ի՞նչը` ոչ:

-ՊԱԿ-ը մեր աշխատանքին չէր միջամտում: Ես լուսանկարներով գնում էի Լեոնիդ Իլյիչի մոտ, եւ նա հաստատում էր:

-Իսկ ինչպիսի՞ լուսանկարներ նա չէր հաստատում:

-Ամերիկյան մի ամսագիր հատուկ թեմատիկ շարք ուներ. լուսանկարում էր երկրների ղեկավարների աշխատասենյակները: Նրանք ցանկություն էին հայտնել ունենալ նաեւ Բրեժնեւի աշխատասենյակի լուսանկարը: Լեոնիդ Իլյիչը համաձայնություն տվեց նկարահանմանը, սակայն առանց իրեն: Ես երեկոյան լուսանկարեցի դատարկ աշխատասենյակը: Լուսանկարները ներկայացրեցի նրա համաձայնեցմանը: Նա մի կողմ դրեց աշխատանքային սեղանի լուսանկարը: Ես կրկին մեկնեցի նրան` ասելով, որ լավ լուսանկար է: «Ես ասացի` չտալ», արձագանքեց: Հետո ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ի տնօրենը ինձ ասաց. «Գիտեմ, ինչու չհաստատեց լուսանկարը: Այնտեղ աթոռը դատարկ է: Չի ցանկանում, որ լրագրողներն սկսեն քննարկել, թե իրենից հետո ով է նստելու այդ աթոռին»:

Լեոնիդ Իլյիչը լուսանկարներին լուրջ էր վերաբերվում: Նա ֆոտոգենիկ էր, համակրելի, վեհանձն: Հետեւում էր իր արտաքինին: Լուսանկարները նա դիտում էր որպես քաղաքականության մաս եւ հմտորեն օգտագործում էր այդ հանգամանքը:

Սովորաբար մամուլում հայտնվում էին պաշտոնական լուսանկարները, ոչ պաշտոնականները պահվում էին հատուկ թղթապանակում եւ հրապարակման ենթակա չէին: 1971թ. նա աշխատանքային այցով պատրաստվում էր Ֆրանսիա մեկնել, առաջարկեց մի քանի ազատ լուսանկարներ անել: Հատկապես նրան դուր եկան զբոսանավի վրայի լուսանկարները` մուգ ակնոցներով եւ սպորտային կոստյումով: «Այստեղ կարծես Ալեն Դելոնը լինեմ», կատակեց նա: Ութ լուսանկար ուղարկեցինք Ֆրանսպրեսին: Երբ այցելեցինք Ֆրանսիա, այդ լուսանկարներն արդեն բոլոր թերթերի էջերում էին:

-Ասում են, Բրեժնեւն իր արտաքինի վերաբերյալ կատակներ էր անում:

-Ոչ, միայն, թերեւս, հոնքերի մասով: Մի անգամ, երբ ժողովրդի մեջ էր դուրս եկել, հարցրել էր, թե ինչպես ճանաչեցիք, նրան պատասխանել էին` հոնքերից: Եւ դա նա որպես կատակ էր հիշում: Իր մասին անեկդոտներին հումորով էր վերաբերվում:

– Համաշխարհային առաջնորդներից ում նկատմամբ էր առանձնահատուկ հարգանք տածում:

– Շատերին էր մեծ հարգանքով վերաբերվում, սակայն Ինդիրա Գանդիին` հատկապես: Ես նկատել էի,որ նրանք փոխադարձաբար համակրում են միմյանց:

b3

Ինդիրա Գանդիին ցույց է տալիս իր դիմանկարը:

Մի անգամ Ղրիմում նա հանդիպեց Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի հետ: Գերմանական պաշտոնյաները զարմանքից քար կտրեցին, երբ Բրեժնեւը Բրանդտին առաջարկեց զովանալ լողավազնում եւ նույնիսկ իր պահուստային լողազգեստը տվեց: Նրանք լողում եւ շփվում էին, իսկ թարգամանիչը ստիպված էր վազել կողքից: Իսկ ես, իհարկե, ամեն ինչ լուսանկարում էի: Հանդիպումն իսկական «առանց փողկապների» էր… Լեոնիդ Իլյիչն ինձ վստահում էր: Ես լուսանկար ունեմ, երբ նա ինձ ներկայացնում է Նիքսոնին` որպես անձնական լուսանկարիչ:

b1

Գերմանիայի կանցլեր Վիլլի Բրանդտի հետ լողալիս:

-Անգամ կարողացել եք փրկել միմյանց…

– Այցերի ժամանակ անկանխատեսելի պահեր էլ են լինում: Բրեժնեւի Լեհաստան այցի ժամանակ խորհրդային զինվորների հիշատակին նվիրված հուշահամալիրում ծաղկեպսակների տեղադրման արարողություն պետք է լիներ: Ծաղկեպսակները տանում էին զինվորականները, նրանց հետեւից գնում էր Բրեժնեւը: Նա հանկարծ բարձրացավ գրանիտե բարձր աստիճանի վրա, բայց կորցրեց հավասարակշռությունը եւ սկսեց ետ-ետ գնալ` ուղիղ քարերի վրա: Դա կարող էր ողբերգության հանգեցնել: Նրա կողքին միայն ես էի այդ պահին, ես մի կողմ թողեցի լուսանկարչական խցիկը եւ, քաշելով ձեռքից, պահեցի նրան: Երեկոյան նա ինձ շնորհակալություն հայտնեց:

-Նա էլ Ձեզ է փրկել…

-Այո, երբ 41 տարեկանում ինֆարկտ տարա, նա միջամտություն ցուցաբերեց: Զանգահարեց Չորրորդ գլխավոր վարչության պետ Չազովին, հոգ էր տանում առողջությանս մասին…

-Ասում են Ձեր արխիվի համար արտասահմանցի լրագրողները միլիոն դոլար են առաջարկել:

– Ամեն ինչ էլ եղել է : Ինչ-որ մեկն արտերկրից ինձ առաջարկեց սրտի «բացարձակ անվճար» վիրահատություն` արխիվիս դիմաց: Սակայն պատմությունն ու վստահությունը ես վաճառքի չեմ հանում: Ես երկու գիրք ունեմ, պատրաստ է լուսանկարների ցուցահանդեսը, միայն թե գումար չունեմ այն կազմակերպելու համար..

Հրաժարական, որը տեղի չունեցավ

Տեսնում եք, կանգնած են Անդրոպովը, Սուսլովը, Չեռնենկոն, վերջիններս` շփոթված: Բրեժնեւն առաջին անգամ նրանց ասել էր պաշտոնը լքելու մտադրության մասին: Ընդունել էր շնորհավորանքներն ու ասել` արդյոք ժամանակը չէ հեռանալու: Բոլորը լռեցին: Այնուհետեւ հերթ չտալով միմյանց` սկսեցին առարկել. «Դուք մեր դրոշն եք: Ինչպես կարող ենք առանց Ձեզ: Դուք ավելի շատ հանգստացեք, մենք կկրկնապատկենք մեր եռանդը»: Սկզբում ես կարծեցի ստալինյան սինդրոմ է: Ստալինը նույնպես հայտարարել էր, թե ուզում է հանգստի գնալ, եւ նրանք, ովքեր աջակցել էին այդ գաղափարին, հետագայում լավ ավարտ չէին ունեցել…

b6

Լուսանկարում` Կիրիլենկոն, Կոսիգինը, Անդրոպովը, Սուսլովը, Չեռնենկոն:

Ի պատասխան Լեոնիդ Իլյիչն ասաց. «Իմ ընկերների կարծքին ինձ համար կարեւոր է: Կաշխատենք»: Կուսբյուրոյում պայմանավորվեցին սահմանափակել նրա աշխատանքային օրը:

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս