Արթնանալով՝ կնոջը մահացած է գտել. տղամարդը մեղավոր է ճանաչվել մետաղական ձողով և փոցխով կնոջը հարվածելու մեջ

Առաջին ատյանի դատարանը տղամարդուն մեղավոր է ճանաչել կնոջ սպանության և ապօրինի զենք ունենալու մեջ:

Ինչ է ապացուցված համարել դատարանը
Իր վճռում դատարանը նշել է, որ հիմք ընդունելով նախաքննությամբ ձեռք բերված և դատաքննությամբ անմիջականորեն հետազոտված փաստական տվյալները, դատարանը հաստատված համարեց, որ ամբաստանյալը, գտնվելով ալկոհոլային խմիչք օգտագործած վիճակում, կենցաղային հարցերի շուրջ ծագած վիճաբանության ժամանակ իր կնոջը սպանելու` ապօրինաբար կյանքից զրկելու դիտավորությամբ, Արմավիրի հողամասում գտնվող վագոն-տնակի բակում բռունցքներով, ոտքերով, մետաղական ձողով և փոցխով բազմաթիվ հարվածներ է հասցրել վերջինիս գլխին և մարմնի այլ մասերին, որի հետևանքով նա մահացել է:

Ինչ ցուցմունք է տվել ամբաստանյալը
Ըստ դատարանի վճռի՝ ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 1-ին մասով և 235-րդ հոդվածի 1-ին մասով առաջադրված մեղադրանքում տղամարդն իրեն մեղավոր է ճանաչել լիովին և խոստովանական ցուցմունք տվել այն մասին, որ համատեղ ամուսնական կյանքի սկզբնական շրջանում ինքն ու կինը համերաշխ են եղել միմյանց հետ, սակայն ժամանակի ընթացքում հաճախակի են վիճել տարբեր կենցաղային հարցերի շուրջ։

Դեպքի օրը մասնակցել են հոգեհացի արաողության, ինչի ժամանակ էլ կինն ու ինքը սկսել են մեծ քանակությամբ օղի օգտագործել։ Ապա տաքսի մեքենայով գնացել են Առատաշեն, ավելի ուշ ինքն ու տաքսու վարորդը որոշել են դուրս գալ տնից և շարժվել դեպի Չարենցավան քաղաք, իսկ կինն այդ պահին սկսել է առարկել իր այնտեղ գնալու դեմ, վիճել հետը` ասելով, թե նա կասկածում է, որ ինքն ինչ-որ սիրուհիների մոտ է գնում։ Նրան դուրս է հրավիրել, զրուցել հետը, փորձել համոզել, որ ոչ մի սիրուհու մոտ չի գնում։ Մտածելով, թե կինը հանդարտվել է` տաքսու վարորդի հետ նրա ավտոմեքենայով շարժվել են դեպի Չարենցավան։ Կարճ ժամանակ անց մայրը զանգահարել է իրեն և ասել, որ կինը տաքսի է փնտրում, որ գնա իր հետևից։ Բարկացած կնոջ պահվածքից` խնդրել է տաքսու վարորդին` իրեն հետ տանել Առատաշեն։

Կարդացեք նաև

Վերադառնալով՝ բռնել է կնոջ ձեռքից, նրան բերել-նստեցրել է ավտոմեքենայի հետևի ուղևորի նստատեղին, իսկ ինքը նստելով առջևի ուղևորի նստատեղին` տաքսու վարորդին պատվիրել է իրենց տանել տուն։ Ճանապարհին կինը շարունակել է իր ասածը պնդել, թե իբր ինքը ցանկացել է սիրուհիների մոտ գնալ։ Բարկացած կնոջ պահվածքից` թեքվել է նրա կողմը, մազերից քաշել ներքև և բռունցքով 2-3 անգամ հարվածել նրա ուսագոտուն։ Մի քանի կիլոմետր անցնելուց հետո կրկին 2-3 անգամ բռունցքով հարվածել է կնոջ մարմնի նույն մասին ու հայհոյել նրան։ Տաքսու վարորդն իրենց ասել է, որ իր մեքենան վիճելու և կռվելու տեղ չէ, ու պահանջել է դադարեցնել վեճը։ Հասել են իրենց վագոն-տնակի մոտ, ինքն իջել է մեքենայից, բացել հետևի դուռը, կնոջը քաշել դուրս, ով ընկել է գետնին, այնուհետև իջեցրել է իրենց իրերը, իսկ տաքսու վարորդը մեքենայով հեռացել է։

Կինը բանալիով բացել է դուռը և երկուսով մտել են բակ, որտեղ կինը շարունակել է ասել, որ նրան տաքսու վարորդի հեռախոսահամար է հարկավոր, ու, որ ցանկանում է հեռանալ։

Այդպես վիճաբանությունը շարունակվել է, և տեսնելով, որ չի կարողանում լռեցնել կնոջը, սկսել է բռունցքներով և ոտքերով բազմաթիվ ուժեղ հարվածներ հասցնել նրա դեմքին և մարմնի այլ մասերին, ինչի արդյունքում կինն ընկել է գետնին։ Այդ պահին պատշգամբում գտնվող սեղանի վրայից վերցրել է որպես բանալի ծառայող մետաղական ճկուն ձողը և սկսել դրանով բազմաթիվ հարվածներ հասցնել կնոջ գլխին և մարմնի այլ մասերին, իսկ հարվածներ հասցնելու պահին իր համար միևնույն է եղել, թե դրանց արդյունքում ինչ հետևանք կառաջանա։

Երբ կինը դիմադրել է, ինքը՝ բարկանալով դրանից, սկսել է ավելի ուժեղ հարվածել։ Այդ ժամանակ վերցրել է պատշգամբում դրված փոցխը և սկսել դրա փայտե հատվածով հարվածներ հասցնել կնոջ մարմնի տարբեր մասերին։ Շուտով, տեսնելով, որ կինն այլևս չի դիմադրում և չի շարժվում, գրկել է նրան, տարել տուն, պառկեցրել թախտի վրա։ Այդ ժամանակ կինը սկսել է մի կերպ խոսել և խնդրել է կանչել իր քրոջը, սակայն ինքը գնացել է ննջասենյակ և քնել։ Մոտ մեկ ժամ անց արթնանալով` տեսել է, որ կնոջ վիճակն ավելի է վատացել, նա չի կարողացել շարժվել և անընդհատ տնքացել է։ Առավոտյան, երբ կրկին արթնացել է, տեսել է, որ կինն արդեն մահացած է, ու զանգահարել և կատարվածի մասին հայտնել է իր մորը, կնոջ քրոջ ամուսնուն, իսկ այնուհետև` ՀՀ ոստիկանության Արմավիրի մարզային վարչության պետի օգնականին, ով եկել է և իրեն ուղեկցել ՀՀ ոստիկանության Մեծամորի բաժին։

Դատաքննության ընթացքում տված ցուցմունքում, ըստ դատարանի վճռի, տղամարդը ժխտել է հանցանքն ալկոհոլի ազդեցության տակ կատարած լինելը: Սակայն նմանատիպ ցուցմունք տալը, դատարանը գնահատմամբ, ուղղված է պատասխանատվությունից խուսափելուն: Կատարածի համար զղջացել է և խնդրել օրենքի սահմաններում իր հանդեպ մեղմ վերաբերվել:

Ինչ այլ ապացույցներով է դատարանը հաստատված համարել տղամարդու մեղքը
Իր վճռում առաջին ատյանի դատարանը նշել է, որ բացի տղամարդու ինքնախոստովանական ցուցմունքից՝ նրա կատարած հանցանքները հիմնավորվել են հետևյալ ապացույցներով:

Տուժողի իրավահաջորդ ճանաչված նրա քրոջ ցուցմունքով այն մասին, որ վերջին 2 ամիսների ընթացքում են սկսել շփվել նրա ու նրա ամուսնու հետ։ Քույրը հաճախակի է ալկոհոլ օգտագործել։ Նման հակում է ունեցել նաև նրա ամուսինը։ Դեպքի օրը քույրը և նրա ամուսինը եղել են իրենց տանը, ապա խոսակցություններից հասկացել է, որ քրոջ ամուսինն ու տաքսու վարորդը որոշել են վերադառնալ Չարենցավան` իրեն անհայտ պատճառով։ Դուրս գալուց առաջ քրոջ ամուսինը քրոջն ասել է, որ ամեն ինչ նորմալ է, կարող է հանգիստ գնալ, սակայն կարճ ժամանակ անց զանգահարել է ամուսնու մորը և ասել, որ որդին գնում է Չարենցավան, իսկ նա էլ` վերջինիս ետևից։ Մի քանի րոպե անց իրեն է զանգահարել քրոջ ամուսնու մայրը և խնդրել, որ չթողնի քույրը որևէ տեղ գնա` ասելով, որ քրոջ ամուսինը ճանապարհից հետ է վերադառնում Առատաշեն։

Քիչ անց քրոջ ամուսինը կատաղած մտել է տուն, քրոջ ձեռքից քաշելով՝ նրան նստեցրել մեքենան և հեռացել։ Երբ նրանք հեռացել են, ինքը զանգահարել է քրոջ ամուսնուն, որպեսզի իմանա՝ վիճաբանո՞ւմ են, թե՞ ոչ, իսկ վերջինս իրեն պատասխանել է, թե դաստիարակում է կնոջը։ Մի քանի րոպե անց իրեն է զանգահարել քրոջ ամուսնու մայրը և խնդրել, որ գնան նրանց տուն, որպեսզի քույրն ու նրա ամուսինը չվիճաբանեն։ Այնուհետև ինքը զանգահարել է քրոջ ամուսնուն, սակայն պատասխող չի եղել, և ինքը մտածել է, թե քնած են, որ չեն պատասխանում զանգին։ Առավոտյան ամուսնուն է զանգել քրոջ ամուսինը և լաց լինելով ասել, որ սպանել է քրոջը։ Սկզբում իրենք չեն հավատացել այդ ամենին, բայց երբ դրա մասին հեռախոսազրույցի ընթացքում իրենց հայտնել է քրոջ ամուսնու մայրը, արդեն հավատացել են:

Տաքսու վարորդի ցուցմունքը
Ըստ դատարանի վճռի՝ տաքսու վարորդը նախաքննության ընթացքում է ցուցմունք տվել, որը հրապարակվել է դատաքննության ընթացքում: Նա հայտնել է, որ տղամարդուն ճանաչել է մանուկ հասակից, նրա հետ եղել է մտերիմ հարաբերությունների մեջ։ 2-3 շաբաթը մեկ հաճախականությամբ տղամարդն ու նրա կինը օգտվել են իր ծառայություններից: Դեպքի օր տեղափոխել է տղամարդուն ու նրա կնոջը, ապա տղամարդն իրեն համոզել է իրեն հետը տանել և իջեցնել Չարենցավան քաղաքում, ինչին ինքն արդեն համաձայնել է։ Այդ ժամանակ տղամարդու և նրա կնոջ միջև լեզվակռիվ է սկսվել, կինն ամուսնուն մեղադրել է` ասելով, թե վերջինս սիրուհիների մոտ է ուզում գնալ, իսկ տղամարդն էլ իր հերթին՝ երդվել է, որ մոր մոտ է գնում։

Երբ ինքն ու տղամարդն Առատաշենից շարժվելիս են եղել, կինը շարունակել է ամուսնուն մեղադրել սիրուհիների մոտ գնալու մեջ։ Ճանապարհին տղամարդուն զանգահարել է մայրը և հայտնել, որ զրուցել է կնոջ հետ, ով ասել է, թե ամուսինը գնում է սիրուհիների մոտ, իսկ նա էլ ամուսնու հետևից է ուզում գնալ։
Տղամարդը զայրացել է կնոջ պահվածքից և իրեն խնդրել, որ ետ վերադառնան Առատաշեն գյուղ, ինչին ինքը չի առարկել։ Հասնելով Առատաշեն` տղամարդն իջել է մեքենայից, մտել տուն և 2-3 րոպե անց վերադարձել կնոջ հետ, ով նստել է ետևի ուղևորի նստատեղին:

Մեքենան նստելուց հետո տղամարդը թեքվել է կնոջ կողմը և ապտակել նրան ու սեռական բնույթի հայհոյանքներ տվել` բարկանալով, որ զանգահարել է մորը և նման բաներ ասել։ Այդ ժամանակ կինը ձայն չի հանել, միայն լաց է եղել։ Տղամարդն ամբողջ ճանապարհին հայհոյել է կնոջը ու ևս մեկ անգամ, արդեն բռունցքով հարվածել նրան, երբ հասած են եղել Էջմիածնի լայն ճանապարհին։ Այդ ժամանակ ինքը բռնել է տղամարդու ձեռքը` ասելով, որ իր մեքենան կռվի տեղ չէ։ Այնուհետև տղամարդը դադարել է հարվածել կնոջը։ Երբ հասել են գյուղ` նրանց երկաթյա վագոն-տնակի մոտ, տղամարդն իջել է մեքենայից, բացել ետևի դուռը, կնոջը քաշել-գցել է գետնին, իջեցրել իրերը, ինչից հետո ինքը հեռացել է։ Հետագայում, Ոստիկանության բաժնում, տեղեկացել է, որ երբ ինքը տղամարդուն ու նրա կնոջն իջեցրել է ու հեռացել, դրանից հետո վերջինս սպանել է կնոջը:

Դատարանը վկայակոչել է այլ վկաների ցուցմունքներ ևս: Դիակի դատաբժշկական փորձաքննության համաձայն՝ կնոջ մահը վրա է հասել տրավմատիկ և հեմոռագիկ շոկի` համակցված գանգուղեղային, կրծքավանդակի, որովայնի փակ, բութ վնասվածքներ ստանալու հետևանքով։ Բոլոր վնասվածքները հասցվել են կենդանության օրոք, մահվանից ոչ շատ առաջ` սահմանափակ մակերես ունեցող բութ, կոշտ առարկաներով, և այդպիսիք ունեն կենդանության ժամանակվա առողջությանը ծանր վնաս, կյանքին վտանգ սպառնացող հատկանիշներ, որոնք էլ տվյալ դեպքում բերել են մահվան և մահվան պատճառի հետ գտնվում են ուղղակի պատճառական կապի մեջ։

Դատարանի վերլուծությունը
Հետազոտելով և գնահատելով գործով ձեռք բերված և դատաքննության ընթացքում անմիջականորեն հետազոտված ողջ ապացույցները, դատարանը հանգել է այն հետևության, որ ամբաստանյալի կողմից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին և 235 հոդվածի 1-ին մասերով կատարած հանցանքներն առաջադրված մեղադրանքի ողջ ծավալով հիմնավորված են, մեղսագրվող արարքների նկատմամբ քրեական օրենքի կիրառումը` ճիշտ: Նրա կողմից կատարած հանցանքներից ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը որակվում է որպես սպանության` ապօրինաբար մեկ ուրիշին դիտավորությամբ կյանքից զրկել, իսկ ՀՀ քրեական օրենսգրքի 235 հոդվածի 1-ին մասով նախատեսված հանցանքը որակվում է՝ որպես ապօրինի կերպով հրազեն, բացի ողորկափող հրազենից և դրա փամփուշտներից, ռազմամթերք, ակոսափող հրազենի փամփուշտներ, պայթուցիկ նյութեր կամ պայթուցիկ սարքեր ձեռք բերելը, իրացնելը, պահելը, փոխադրելը կամ կրելը, որոնց համար էլ վերջինս պետք է պատասխանատվություն կրի:

Դատարանն ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը մեղմացնող հանգամանք է դիտել կատարած հանցանքի համար անկեղծորեն զղջալը, ինքնախոստովանական ցուցմունքներ տալը: Որպես անձը բնութագրող տվյալներ՝ դատարանը հաշվի է առել, որ ամբաստանյալը երիտասարդ է, բնութագրվում է դրականորեն:

Ամբաստանյալի պատասխանատվությունն ու պատիժը ծանրացնող հանգամանք է դիտվել ալկոհոլի ազդեցությամբ հանցանք կատարելը:

Դատարանը վճռել է տղամարդուն մեղավոր ճանաչել երկու հոդվածներով էլ, նրան դատապարտել 9 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման: Դատարանի վճռով բավարարվել է նաև տուժողի քրոջ քաղաքացիական հայցը. դատարանը որոշել է ամբաստանյալի տնտեսությունից և դրամական միջոցներից հօգուտ տուժողի իրավահաջորդի բռնագանձել 1 մլն 300 հազար դրամ:

Նշենք, որ դատարանի այս վճիռն օրինական ուժի մեջ է մտնելու հրապարակումից 1 ամիս անց. այդ ընթացքում այն կարող է բողոքարկվել քրեական վերաքննիչ դատարան:

 

Տեսանյութեր

Լրահոս