Կյանքը ապրելը հետաքրքիր զբաղմունք է
Ժամանակ առ ժամանակ մեր մեջ կուտակված էներգիան, որը, թերևս, առաջանում է ազատ ժամանակի ավելցուկից, պարպելու ելքեր ենք փնտրում: Փնտրում ենք և, ինչը չափազանց կարևոր է, գտնում ենք իրավիճակներ կամ մարդկանց, որոնց վրա թափվում է խմբակային զայրույթը և արդար ցասումը:
Հիմա կոլեկտիվ քննադատության թիրախ են սոցցանցում իրենց էմոցիաներն անկեղծորեն ներկայացնելու անզգուշություն ունեցած մեկ-երկու օգտատեր: Նրանք հրապարակայնորեն իրենց հիասթափությունն են հայտնել Հայաստանի Հանրապետությունից (հասկանալ՝ Հայրենիքից) և բնակության այլ վայր տեղափոխվելու ցանկություն հայտնել:
Ի՞նչ է պատահել: Վրդովվել ենք, թե ինչու են իրենց հիասթափության մասին բարձրաձայն ասում. հեռանում են, թող հեռանան՝ առանց մնացողներիս շարքերում խուճապ առաջացնելու: Սարկազմ, սրամտություններ, թունոտ արտահայտություններ… Ինչ է թե՝ ասածի տոնայնությանը համաձայն չենք:
Մենք ունեինք մի հրաշալի գիտնական հարևան, ի դեպ, հայագետ, որը մեր հանդիպումների ժամանակ միշտ հետաքրքրվում էր՝ ինչպես կարող է ազգությունը փոխել, քանի որ հայ կոչվելն իր համար այլևս անպատվաբեր է: Դա լսել եմ մոտ 20 տարի առաջ, լսում եմ նաև այսօր: Մարդն ինչպես կար, այնպես էլ մնացել է՝ հայկական կապույտ անձնագրով: Ազգանունն էլ մինչ օրս ունի «յան» վերջավորությունը:
Կա՞ մեզնից մեկը, որը երբեք չի լսել հենց հայի շուրթերից, որ մեզ պետք է վառել, որ մեզ քիչ են կոտորել, որ մենք այսպիսին ու այնպիսին ենք: Հետո՞ ինչ: Դառնացած, զայրացած կամ հուսահատված մարդիկ կարող են ասել այն, ինչ մեկ այլ պահի թերևս չէին ասի կամ հարմար չէին գտնի բարձրաձայնել: Ընտանիքում, վեճի ժամանակ, եթե ասված ամեն բառի ետևից ընկնես, ընտանիքը մի օր չի դիմանա:
Հիմա՝ մենք ճանաչում ենք այն մարդկանց, ովքեր հուսահատվել են, հիասթափվել են, կարող ենք ընդունել կամ մերժել նրանց մոտիվները, սակայն սարսափելի հայրենասերների ողջ բանակով հարձակվել նրանց վրա՝ իբրև պոտենցիալ դավաճանի, անգամ վախենալու է:
Ի դեպ, հայրենիքից հեռանալու, ընդ որում՝ նեղացած հեռանալու «ավանդույթը» եղել է միշտ, բոլոր դարերում և բոլոր ժողովուրդների մոտ:
Հեռուն չգնանք. հիշենք, Գալուստ Գյուլբենկյանը ժամանակին նեղացավ իր հայրենիքից և իր ողջ ունեցվածքը, արվեստի գործերի չտեսնված հավաքածուն կտակեց ոչ թե Հայաստանին, այլ Պորտուգալիային: Զորավար Անդրանիկը Հայաստանից հեռացավ՝ նեղացած: Ի վերջո, մեր էպոսի Մհերը՝ Փոքր Մհերը, նեղացավ և հեռացավ, փակվեց Ագռավաքարում: Սա ողբերգությո՞ւն է, դավաճանությո՞ւն: Կարծում եմ, ո՛չ, սա կյանք է:
Դու չես ուզում հեռանալ Հայաստանից, կամ ինչ-ինչ պատճառներով դա հնարավոր չէ, օրինակ՝ երկրից հեռանալն անընդունելի ես համարում, չես կարող թողնել տարեց ծնողներիդ, կամ կա այլ պատճառ, ի սեր Աստծո, ոչ ոք չի էլ ստիպում: Եվ քննարկման խնդիր էլ չկա:
Կամ էլ հարմար աշխատանք կա արտասահմանում, քեզ հետաքրքիր է բնակությանդ վայրը փոխելը, նոր միջավայրում ապրելը, գնում ես, և դարձյալ քննարկման նյութ չկա: Ոչ ոք չի կարող քեզ մեղադրել քո կյանքը կազմակերպելու համար: Դա քո հանգամանքներն են և քո ընտրությունն է, ինչը հնարավոր չէ տեղավորել չափազանց սահմանափակ ու անօդ արտահայտությունների մեջ, ինչպես՝ «Ես հայրենիքս երբեք չեմ լքի, դա դավաճանություն է», կամ «Ես լքում եմ հայրենիքս ու հիասթափված հեռանում»:
Սահմանները բաց են, քեզ ոչ ոք չի քշում քո երկրից և նաև չի ստիպում մնալ: Ոչ ոք չի ստիպում գնալու որոշումդ համարել վերջնական և վերանայման ոչ ենթակա: Ոչ ոք չի պահանջում պետությանը հանձնել բնակարանդ: Սահմանները բաց են, գնա՝ ուր ուզում ես: Պաթոս պետք չէ: Եվ մնալդ էլ քո հայրենիքում, քո միջավայրում մի համարիր հայրենասիրություն կամ մեծ լավություն շրջապատիդ:
Երբ ինձ հարազատ մեկը պատմում է, թե այդ օրը կառավարությունը, այսինչ նախարարը ինչ հերթական անմիտ ու ուղեղում չտեղավորվող որոշումն են ընդունել, թե ինչպես են չինովնիկները կամայական ու մարդկանց նյարդայնացնող խոչընդոտներ ստեղծում աշխատող մարդկանց առաջ, ռեզյումեդ այսպիսին է. «Ամեն ինչ անում են, որ թողնենք, մենք էլ հեռանանք»: Իրո՛ք, այլևս հնարավոր չէ. նախագահդ այսպիսին է, վարչապետն՝ այնպիսին, Աժ նախագահդ` է՛հ…
Հետո մեկ էլ՝ տեսնում ես աճեցրածդ ծաղիկները, հինգ տարի առաջ տնկած ծառերը, որոնք, այ քեզ բան, այս ընթացքում հասցրել են մինչև երկինք հասնել, հայացքդ ընկնում է ծնողներիդ լուսանկարներին: Եվ գալիս է սենտիմենտալ տրամադրության հաջորդ դոզան: Տրամադրությանդ տոնայնությունը փոխվում է՝ այստեղից բացի՝ ոչ մի տեղ չենք կարող ապրել: Ու գրողի ծոցը թող գնան բոլոր ճանապարհային ոստիկանները, Երևան-Աշտարակ մայրուղու վրա արագությունը 30 կմ ժամ սահմանողները, մյուս սրիկաները…
Մեր երկրի դեպքում իրավիճակն այլ է՝ մարդիկ փախչում են երկրից՝ գլխապատառ, վաճառելով՝ ով ինչ ունի: Տպավորություն կա, որ կյանքը եռում է ամենուրեք՝ բացի Հայաստանից, որ այնտեղ՝ մեզնից հեռու, տեղի է ունենում կյանքը, իսկ մեզ մոտ վակուում է:
Մեր երկրում ապրելը բարդ է, մենք ոչ թե ապրում ենք, այլ մաքառում, և դա է պատճառը, որ այսքան ցավոտ ենք արձագանքում մեր յուրաքանչյուր հայրենակցի հեռանալու որոշմանը: Սակայն մնալը մեր ընտրությունն է, և մենք ենք պատասխանատու դրա համար՝ առանց զայրանալու և հիասթափվելու հիասթափվողներից:
Ի վերջո, կյանքը ապրելը չափազանց հետաքրքիր զբաղմունք է, ոչ մի բանի հետ չհամեմատվող հաճույք՝ բոլոր իրավիճակներում և անկախ աշխարհագրությունից: Եթե մեր համաքաղաքացիները նեղացած են մեզնից կամ ինչ-ինչ հանգամանքներից և ցանկանում են փոխել իրենց բնակության վայրը, Աստված նրանց հետ: Իսկ ովքեր նախընտրում են, այդուհանդերձ, կյանքը ապրել այնտեղ, որտեղ ծնվել են, որտեղ ապրում են մարդիկ, որոնց հետ ունեն ընդհանուր հիշողություններ, դա ևս կյանքը ապրելու հրաշալի տարբերակ է: Կարճ ասած՝ տարբերակները շատ են: Մնում է միայն ժամանակ չկորցնենք և ապրենք…