Բաժիններ՝

Ո՞ւմ բիզնեսն է Կենդանաբանական այգում վաճառվող կենդանիների կերը

Տարվա այս շոգ եղանակին, երբ արդեն սկսվել են ամառային արձակուրդները, ծնողների գլխավոր պարտականությունը դարձել է երեխաների հանգիստը կազմակերպելը: Երևանում վերջին տարիներին շատացել են զբոսայգիները և մանկական ժամանցի վայրերը: Չնայած սրան` երեխաների սիրելի վայրը շարունակում է մնալ Երևանի կենդանաբանական այգին: Հասկանալու համար, թե որքանով է մատչելի երեխաների ժամանցը կազմակերպելը Կենդանաբանական այգում, որոշեցինք տեղում զրուցել ծնողների հետ: Արդեն մուտքի մոտ տեսնելով տոմսերի արժեքը, որը վերջին տարիներին զգալիորեն թանկացել է, փորձեցինք պարզել` արդյո՞ք նույնքան բարելավվել են կենդանիների ապրելու պայմանները և առհասարակ` այգին:

Կենդանիների վանդակները չէին փայլում իրենց մաքրությամբ, և ծնողների հիմնական բողոքը կապված էր տոմսի արժեքի, Կենդանաբանական այգու պայմանների և ողջ այգում տիրող գարշահոտության հետ։ «Գները շատ թանկ են, դրան համապատասխան` կենդանիներին չեն խնամում, ամենուր տիրում է գարշահոտությունը, միայն թռչունների վանդակներն են համեմատաբար մաքուր, չեմ հասկանում, թե ինչի՞ վրա են ծախսում այդ գումարները. ցանկանում են միանգամից հարստանալ»,- նշեց մի մեծահասակ կին, ով իր թոռներին բերել էր զբոսանքի: Նշենք, որ 3-ից մինչև 12 տարեկան երեխաների համար Կենդանաբանական այգու մուտքի տոմսերն արժեն 300 դրամ, 12-16 տարեկանների համար` 500, 16 տարեկան և բարձր տարիք ունեցողների համար` 800 դրամ:

Gazananoc-ker

Gazananoc-ker1

Կարդացեք նաև

Վերջին տարիներին այգու տնօրինությունը խիստ որոշում է կայացրել, որ կենդանիներին պետք է կերակրել միայն այգում վաճառվող կերերով: Կերի մեկ տուփն արժե 400 դրամ, կան թռչունների, եղնիկների, արջերի համար նախատեսված կերեր, որոնց բաղադրությունը հետևյալն է` մի քանի կտոր բազուկ, կաղամբի մի քանի փոքրիկ շերտեր, ճակնդեղի կտորներ, ցորենի թեփ, ցորենի ալյուր, վարսակ, չոր հաց: Սակայն նկատեցինք, որ մարդկանց մեծ մասը շարունակում է կենդանիներին կերակրել տանից բերված կերերով: Երբ ծնողներին հարցրեցինք, թե ո՞րն է տանից բերված բանջարեղենով կերակրելու պատճառը, նրանք նշեցին, որ նախ` այգում վաճառվող կերերը թանկ են, հետո էլ` կենդանիներն ավելի հաճույքով են ուտում տանից բերված կերերը:

Իհարկե, երեխաների ծնողներին կարելի է հասկանալ. խանութից գնված բանջարեղենի ու հացահատիկի մեկ կիլոգրամն ավելի մատչելի է, քան այգում վաճառվող կերի 200-300 գրամը, մանավանդ, որ տուփերի վրա նշված քաշը չի համապատասխանում իրականությանը. մոտավորապես 50 գրամի տարբերություն կա տուփի վրա նշված քաշի և իրական քաշի միջև: Մենք այգուց գնած կերերը կշռեցինք տարբեր խանութներում: Օրինակ` թռչունների համար նախատեսված կերի թղթե տոպրակի վրա քաշը նշված է 200 գրամ, բայց կշռեցինք` 150 գրամ էր:

Եվ սա` այն դեպքում, երբ քաղաքի սուպերմարկետներում կաղամբի 1կգ-ն 70-90 դրամ է, ճակնդեղի 1կգ-ն` 200-300 դրամ, 1կգ գազարը` 300-500 դրամ, 1կգ ցորենի ալյուրը` 300-400 դրամ, 1կգ ցորենի թեփը` 150-200 դրամ, 1կգ վարսակը` 350-450 դրամ: Բնականաբար, Կենդանաբանական այգին մեծ գնումների դեպքում այս ամենը ձեռք է բերում ոչ սուպերմարկետներից և առնվազն կրկնակի էժան գներով: Թղթե (իբրև թե` էկոլոգիապես մաքուր թղթով) տոպրակի մեջ լցնելով` այգու տնօրինությունը 400-ական դրամով երեխաներին է վաճառում մի քանի շերտահատիկ բանջարեղեն: Հաշվի առնելով այն, որ Երևանի կենդանաբանական այգում երեխաների համար «որևէ հաճելի» պահ հնարավոր չէ գտնել, քան կենդանիներին գոնե կերակրելը, ծնողները ստիպված են մի քանի հազար դրամ վճարել այգուց այդ կերը գնելու և կենդանիներին կերակրելու համար: Այդ է պատճառը, որ ծնողներից շատերն իրենք են խանութներից գնում նույն բանջարեղենը (ավելի որակով ու չփտած, չնեխած), կտրատում և բերում, կենդանիներին կերակրում, քանի որ այդպես համեմատաբար ավելի էժան է ստացվում:

Gazananoc-ker2

Ստացվում է` Կենդանաբանական այգու տնօրինությունը երեխաների հաշվին կերակրում է կենդանիներին` օրական հսկայական գումարներ կորզելով նրանց ծնողներից: Հաճախ է պատահում, որ ծնողն ի վիճակի չի լինում կենդանիների համար 400 դրամով կեր գնել, որպեսզի երեխան կերակրի նրանց (իսկ երեխաների համար դա միակ հաճույքն է, քանի որ գոնե անմիջական շփման առիթ են ունենում կենդանիների հետ): Արդյունքում, ծնողները ստիպված, երեխաներին լաց լինելով դուրս են բերում այգուց (տեսնելով, որ մյուս երեխաները կենդանիներին կերակրում են` ինքն էլ է ցանկանում, բայց ծնողն ի վիճակի չէ այդքան վճարել):

Բացի այդ, այգում կան մի քանի կարուսելներ, որոնց գները տատանվում են 200-500 դրամի սահմաններում, իսկ լուսանկարչի ծառայությունն արժե 1000 դրամ:
Այսպիսով` մեկ ծնողի և մինչև 12 տարեկան մեկ երեխայի համար զբոսանքը կենդանաբանական այգում, միջին հաշվարկներով, կազմում է ավելի քան 4000 դրամ:

ՌԱԶՄԻԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ
ԱՍՏՂԻԿ ԻՍԿԱՆԴԱՐՅԱՆ

 

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս