Քառյակը սպասում է հերթական «ազգային դավաճանությանը»
Ոչ իշխանական ուժերից բաղկացած հրաշալի քառյակի ներկայացուցիչները տարբեր խողովակներով ակնարկում են, որ պետք է սպասել մինչև սեպտեմբեր, իսկ այդ ժամանակ արդեն կլուծվի իշխանության հարցը:
Ինչպես հայտնի է, քառյակն իշխանությանը ներկայացրել է 12 կետից կազմված պահանջագիր և որպես այդ պահանջների կատարման վերջնաժամկետ սահմանել սեպտեմբերի 30-ը: Քառյակը ներկայացնող կուսակցությունների ներկայացուցիչներն ասում են, թե իրենք գիտեն, որ իրենց պահանջները չեն կատարվելու, բայց վերջնաժամկետը սահմանել են մինչև սեպտեմբերի 30-ը, քանի որ պետք է սպասել մինչև աշուն: Ամառը պետք է օգտագործել քաղաքական իրադրաձությունները հասունացնելու համար, իսկ աշնանը կազմակերպել բերքահավաքը:
Ինչ կարող է լինել աշնանը, և ինչու է քառյակը ժամանակ տվել մինչև սեպտեմբերի
30-ը:
Քառյակի որոշ ներկայացուցիչներ ասում են, որ աշնանը տեղի են ունենալու շատ լուրջ իրադարձություններ, մասնավորապես` այնպիսիք, որոնք հանգեցնելու են իշխանափոխության: Իսկ Հայաստանում իշխանափոխություն հնարավոր է միայն մի պարագայում, եթե իշխանությունը որոշի փոխզիզիջումների գնալ Ղարաբաղի հարցում, ինչն ընդդիմության կողմից կարող է գնահատվել` որպես միակողմանի զիջում:
Նման մի բան արդեն տեղի ունեցել է. 1997թ. Լևոն Տեր-Պետրոսյանը հայտարարեց Ղարաբաղի հարցը լուծելու պատրաստակամության մասին, որը, սակայն, մերժվեց բանակի և իշխանական վերնախավի ներկայացուցիչների կողմից, ովքեր և Տեր-Պետրոսյանին պարտադրեցին հրաժարական տալ: Լևոն Տեր-Պետրոսյանը և նրա կողմից ղեկավարվող ՀԱԿ-ի անդամները մտածում են, որ այն առիթը, որը օգտագործվել է իրենց հրաժարական պարտադրելու համար, իրենք կարող են օգտագործել իշխանությունը հետ վերադարձնելու նպատակով: Դրա համար պետք է բավարար համբերություն դրսևորել և սպասել՝ մինչև գործող իշխանությունն ինչ-որ փաստաթուղթ կստորագրի:
Քաղաքական ընդդիմությունը և այդ բուրգի վերևում կանգնած ՀԱԿ-ն իր առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանի գլխավորությամբ` արդեն տևական ժամանակ սպասում է Ղարաբաղի հարցում ֆորսմաժորի առաջացմանը: Ֆորսմաժորի տակ նրանք հասկանում են իրավիճակ, երբ գերտերությունները Ղարաբաղի հարցի կարգավորման առնչությամբ կգան համաձայնության և կողմերին կստիպեն կատարել իրենց կամքը:
Անկախ համաձայնության ձևից, պարզ է, որ ցանկացած համաձայնություն ենթադրում է հայկական կողմից տարածքային զիջումներ: Նման համաձայնագրի ստորագրման դեպքում ստորագրողներին միանգամից կարելի է մեղադրել ազգային դավաճանության մեջ: Այսպիսով ցանկացած փաստաթղթի ստորագրման դեպքում ընդդիմությունը հնարավորություն կստանա իշխանությանը մեղադրել արյան գնով ազատագրված տարածքները հանձնելու մեջ, իսկ դա կանխելու միակ հնարավոր տարբերակը կլինի իշխանափոխությունը:
Այդ գործը հաջողությամբ գլուխ բերելու համար պետք է, որ պառակտում տեղի ունենա նաև իշխանության ներսում, երբ բանակի հրամանատարությունը և կառավարող էլիտայի որոշ ներկայացուցիչներ ևս կանցնեն հայրենասիրական ընդդիմության կողմը և համատեղ կհայտարարեն, որ իշխանությունը դավաճանել է ազգային իդեալներին: Այս իմաստով ևս որևէ նոր բան տեղի չի ունենա. 1998թ. ևս բանակի հրամանատարությունն ու իշխանական էլիտայի մի մասը հայտարարեցին, որ համաձայն չեն նախագահ Տեր-Պետրոսյանի կողմից առաջարկվող կարգավորման ծրագրին, և հանուն Ղարաբաղի և ազատագրված տարածքների վրա հայկական երկրորդ պետականության կերտման գաղափարի իրականացման պատրաստ են իշխանությունից հեռացնել այդ գաղափարից շեղվածներին:
1998թ. սկսած Տեր-Պետրոսյանը և իր թիմակիցները սպասել են, որ ուր որ է` կստեղծվի համանման մի իրավիճակ, երբ գերտերության միջնորդները համաձայնության կգան Ղարաբաղի հարցում և Հայաստանի ու Ադրբեջանի իշխանությանը կստիպեն ընդունել իրենց կողմից համաձայնեցված կարգավորման ծրագիրը: Բայց ամեն անգամ այդ համաձայնության կայացումն և համատեղ փաստաթղթի ստորագրումը տեղի չի ունեցել: Հիմա Ղարաբաղյան հարցի կարգավորումը հասել է մի կետի, որտեղ, թվում է, որ ուր որ է` պետք է հանգուցալուծում լինի: Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը Հայաստանի և Ադրբեջանի նախագահներին հրավիրել է Փարիզ:
Համանախագահող մյուս երկու երկրների՝ ԱՄՆ-ի և ՌԴ-ի պաշտոնական ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենք ևս սատարում են համաձայնության կայացմանը և խնդրի շուտափույթ կարգավորմանը: Մնում է, որ Իլհամ Ալիևն ու Սերժ Սարգսյանը ևս ընդունեն նախագահ Օլանդի հրավերը և Փարիզում համատեղ փաստաթուղթ ստորագրեն, որը Հայաստանում իշխանափոխության մեկնարկի սկիզբը կդառնա: Համենայնդեպս, այդպիսին է ընդդիմության կամ ոչ իշխանական ուժերի տեսլականը:
Հայաստանի ընդդիմադիր շրջանակների ներկայացուցիչները վստահեցնում են, որ իրենց հայտնի է այդ փաստաթղթի բովանդակությունը, և դրա հիմնական իմաստն այն է լինելու, որ Հայաստանը համաձայնելու է առանց նախապայմանների Ադրբեջանին վերադարձնել ղարաբաղյան կողմի վերահսկողության տակ գտնվող երեք շրջանները: Երկրորդ քայլով Հայաստանը պարտավորվելու է Ադրբեջանին վերադարձել մյուս երեք ու կես շրջանները, իսկ Լաչինի շրջանի կեսը որոշ ժամանակ կմնա Հայաստանի կամ հայկական ուժերի վերահսկողության տակ` որպես Հայաստանը Ղարաբաղին կապող միջանցք:
Բայց, ինչպես նշեցինք, մինչև կհասցնեն չորանալ այս փաստաթղթի տակ դրված ստորագրությունները, Հայաստանում կտրվի իշխանափոխության մեկնարկը` ընդդիմությունը պատերազմի վետերանների աջակցությամբ կհասնի «դավաճան» իշխանության տապալմանը: Ընդդիմությունն արդեն իսկ հոգացել է, որ բավարար աջակցություն ունենա պատերազմի վետերանների շրջանում և, ըստ որոշ տեղեկությունների, պատերազմի մասնակից գեներալների մի մասը խոստացել է, որ եթե իսկապես ստորագրվի այնպիսի համաձայնագիր, որով Հայաստանը պարտավորվում է Ադրբեջանին տարածքներ հանձնել, ապա իրենք հանդես կգան ընդդեմ իշխանության:
Հայաստանի ընդդիմադիրները սպասում են, թե երբ տեղի կունենա Փարիզի հանդիպումը և երբ կստորագրվի առաջին հայ-ադրբեջանական համաձայնագիրը: Մնացածը, այսպես կոչված, տեխնիկայի հարց է: Առնվազն` նրանց քաղաքական ռազմավարության տեսանկյունից: