Ադրբեջանի ՊՆ-ում քննարկվել է «դեդովշչինայի» դեմ պայքարի հարցը
Ադրբեջանական Turan լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հուլիսի 1-ին Ադրբեջանի ՊՆ-ում խորհրդակցություն է անցկացվել հրամանատարների ու նրանց տեղակալների մասնակցությամբ: Դրա ժամանակ, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է նաև սպաների ու զինվորների փոխհարաբերությունների հարցը:
Հանդիպման մասնակիցները կարծիքներ են փոխանակել բանակում իրավախախտումների ու ոչ կանոնադրական հարաբերությունների կանխման մասին: Ավելի ուշ խորհրդակցության մասնակիցները հանդիպել են Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովի հետ:
Վերջինս նրանց առաջադրանք է տվել բանակում ստեղծել առողջ միջավայր, ծառայակիցների միջև նորմալ հարաբերություններ: Հասանովի խոսքերով՝ այդ հարցերը պետք է գտնվեն հրամանատարների ու նրանց տեղակալների ուշադրության ներքո:
Հասանովը նաև անհրաժեշտ է համարել կրտսեր հրամանատարների ու զինվորների կողմից ժամանակակից զինատեսակներից օգտվելու հմտությունները մեծացնելը:
Հիշեցնենք, որ «Դոկտրինա» ռազմական հետազոտությունների կենտրոնը հրապարակել է այս տարվա առաջին վեց ամիսներին պաշտպանական ու անվտանգության ոլորտում Ադրբեջանի կրած կորուստների մասին տվյալները: Դրանց համաձայն, հաշվետու ժամանակահատվածում զոհվել է 47 և վիրավորվել է 84 զինծառայող: