Ինչպե՞ս կանխարգելել սնկային թունավորումները
asparez.am-ը գրում է. Լոռու մարզկենտրոնում սնկային թունավորման առաջին դեպքն այս տարի արձանագրվեց մայիսին: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ Վանաձորում սովորաբար սնկային թունավորումների թիվն ավելանում է հուլիս-օգոստոս ամիսներին: Այս տարի, սակայն, այս ցուցանիշն անհամեմատ բարձր եղավ հունիսին:
Վերջին օրերին Վանաձորի բժշկական կենտրոնում սնկային թունավորում ախտորոշումով բուժում է ստացել մոտ երկու տասնյակ քաղաքացի: Անահիտ Մելքումյանը իր ձեքով է եփել իր եւ ամուսնու կողմից հավաքված սունկը: Երկուսով էլ կերել են ու էլ ոչինչ չի հիշում: Հիվանդանոց է տեղափոխվել անգիտակից վիճակում:
Անահիտ Մելքումյանի ամուսինն այժմ բուժում է ստանում Վանաձորի բժշկական կենտրոնի թիվ երկու բուժմիավորումում, քանի որ վերջինիս մոտ, թունավորումից բացի, այլ ախտանշաններ էլ են եղել: Ախտորոշվել է ուղեղի կաթված:
Սնկային թունավորման հետեւանքով հիվանդանոցում են հայտնվել նաեւ Սարգսյանների ընտանիքի 5 անդամները:
Սունկը գնել էին ոչ պատահական մարդուց, ինչպես հավաստում է տանտիկինը, ըստ ամենայնի, մշակել էին, բայց ուտելուց 2 ժամ հետո թունավորման առաջին նախանշանները ի հայտ են եկել նախ տանտիկնոջ՝ Սվետլանա Սարգսյանի մոտ: Հասկանալով, որ վատ ինքնազգացողության պատճառը ճնշման տատանումը չէ, եւ որ միաժամանակ նույն նշանները նաեւ ընտանիքի մյուս անդամների մոտ են ի հայտ եկել, շտապօգնության կանչ է կատարվել:
Համապատասխան բուժօգնություն ստանալուց հետո ընտանիքի 5 անդամները դուրս են գրվել հիվանդանոցից:
«Կայունացել է նաեւ Մելքումյան ամուսինների վիճակը,- նշում է հերթապահություն իրականացրած անեսթեզիոլոգ, ռեանիմատոլոգ Ալվարդ Հայրապետյանը,- նրանք դուրս են գրվել»:
Մասնագետների կարծիքով, քանի որ մեր բնակչությունը սովորություն ունի սունկը գնել պատահական վայրերից եւ պատահական մարդկանցից, չիմանալով, թե ինչ սունկ է գնում, դա եւս դառնում է թունավորման պատճառ:
-Ես մեր ժողովրդին կոչ եմ անում՝ չհավաքել անհայտ ծագման սունկ եւ պատահական վայրերից դրանք չգնել: Սունկ կարելի է գնել միայն խանութներից եւ շուկաներից, այն էլ իրավասու մարմինների կողմից տրված հավաստագրի առկայության դեպքում,- նշում է Հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնի Լոռու մարզային մասնաճյուղի տնօրեն Անժելա Հովհաննիսյանը:
Մանրամասներն՝ այստեղ