Քառյակը կներկայացնի էլեկտրաէներգիայի թանկացման իր այլընտրանքը
«Քառյակի անդամ կուսակցությունները էլեկտրաէնեգիայի թանկացման հարցով հանդես են գալու միասնական դիրքորոշմամբ»,- այսօր 168.am-ի հետ զրույցում հայտնեց ԱԺ ԲՀԿ խմբակցության անդամ, ԱԺ տնտեսական հարցերի հանձնաժողովի փոխնախագահ Միքայել Մելքումյանը: Այդ նպատակով այսօր քառյակը ներկայացնող կուսկացությունների ներկայացուցիչները մի քանի հանդիպումներ են ունեցել և քննարկել են ստեղծված իրավիճակը: Վաղը նրանք հանդես կգան համատեղ մամուլի ասուլիսով:
Իսկ ի՞նչ կարող է անել քառյակը և արդյոք Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշումից հետո հնարավո՞ր է հասնել նրան, որ էլեկտրաէներգիայի սակագինը չբարձրանա: «Տեսականորեն, իհարկե, հնարավոր է, եթե մինչև օգոստոսի 1-ը մենք կարողանանք իշխանությանը ներկայացնել այլընտրանքային լուծումներ, հնարավոր է, որ սակագինը չբարձրանա»,- ասում է Մելքումյանը:
Իսկ ի՞նչ այլընտրանքային լուծումների մասին է խոսքը: Ըստ էության, տարբերակները այնքան էլ շատ չեն: Էլեկտրաէներգիա արտադրող ձեռնարկություններից միայն Երևանի ՋԷԿ-ն ու ՀԱԷԿ-ն են, որ պետական են, սակայն նրանք աշխատում են զրոյական շահութաբերությամբ: Այսինքն՝ հնարավոր չէ պահանջել, որ նրանք պակասեցնելով իրենց շահույթը՝ նվազեցնեն վաճառվող էլեկտրաէներգիայի գինը: Բայց Միքայել Մելքումյանը համարում է, որ կառավարությունը կարող է ավելի արդյունավետ կառավարել Երևանի ՋԷԿ-ն ու ՀԱԷԿ-ը, մասնավորապես՝ որոշ ծախսային հոդվածներ նվազեցնելու միջոցով:
Մյուս ճանապարհը, որ առաջարկելու է քառյակը՝ կարող է վերաբերվել էլեկտրաէներգիա արտադրող և բաշխող ընկերության ռիսկերի առավել արդյունավետ կառավարման պահանջին: Այսինքն՝ քառյակի անդամները հայտարարելու են, որ Հայաստանի էլեկտրական ցանցեր ընկերությունը այնքան էլ արդյունավետ չի կառավարում իր տնտեսական գործունեությունից առաջացող ռիսկերը, որի արդյունքում ընկերության կրած վնասների համար վերջնարդյունքում ստիպված է լինում վճարել սպառողը:
«Էլեկտրաէներգիա վաճառելը ևս բիզնեսի տեսակ է, և այն էլ մենաշնորհային: Հիմա ՀԷՑ տնօրինությունը այնքան էլ արդյունավետ չի կառավարում իր բիզնեսը և դրա արդյունքում առաջացած վնասները Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը թողնում է սպառողների վրա՝ բարձրացնելով մատակարարվող էլեկտրաէներիայի սակագինը: Եթե բիզնեսի կառավարման արդյունավետությունը շարունակի անկում ապրել, ապա սակագնի նոր բարձրացումները շարունակվելու են: Նման բան թույլ չտալու համար պետք է պարտադրել, որ ընկերությունները իրենց վրա վերցնեն իրենց բիզնեսի կառավարման արդյունքում առաջացող ռիսկերը»,- ասում է Մելքումյանը:
Արդյոք իրենց կողմից կատարվե՞լ են հաշվարկներ, թե ինչ ազդեցություն կունենա էլեկտրաէներգիայի թանկացումը տնտեսության վրա: Միքայել Մելքումյանը ասում է, որ կոնկրետ թվեր ասել չի կարող, բայց պարզ է, որ այն հերթական անգամ ազդելու է ապրանքների թանկացման վրա և արդյունքում նվազելու է դրանց մրցունակության վրա:
«Պարզ է, որ թանկացումը բերելու է էներգատար արտադրություններում ծախսերի կտրուկ ավելացման, ինչն էլ իր հերթին ավելացնելու է դրանց ինքնարժեքը և եթե նույնիսկ կարճաժամկետ հեռանկարում դրա բացասական ազդեցությունը զգալի չլինի, ապա ավելի մեծ ժամանակահատվածում այն ավելի զգալի է լինելու»,- ասում է Միքայել Մելքումյանը:
Քառյակի ներկայացուցիչները հասկանում են, որ էլեկտրաէներգիայի սակագնի բարձրացմանը խոչընդոտելու որևէ ռեսուրս իրենք չունեն: Բայց իրենց հայտարարություններով փորձելու են ցույց տալ, որ իրենք համերաշխ են այդ թանկացումների դեմ պայքարող և այդ թանկացումից տուժող հասարակության հետ:
Հնարավոր է, որ էլեկտրաէներգիայի բարձրացման անթույլատրելիության դրույթը մտցվի քառյակի իշխանություններին ուղղված 12 կետանոց պահանջագրի մեջ: Եվ ինչպես քառյակի այլ պահանջներ, այս մեկը ևս կանտեսվի կառավորության կողմից:
Իրականում հայ հասարակությունը ստիպված է համակերպվել այս թանկացման և հետագա բոլոր թանկացումների հետ, քանի որ նա համակերպվել է այնպիսի ընդդիմության գոյության հետ, որպիսին կա Հայաստանում: Ընդդիմության խնդիրը պետք է լինի ոչ թե Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի որոշման դեմ պայքարը կամ այդ պայքարին ցուցադրական մասնակցությունը, այլ պայքարը հանուն իշխանության:
Որովհետև միայն իշխանություն ունենալու միջոցով գործող ընդդիմությունը կարող է կանխել էլեկտրաէներգիայի կամ գազի թանկացումը, կամ այնպիսի տնտեսական քաղաքականություն իրականացնել, որ այդ թանկացումը զգալի չլինի հասարակության համար:
Բայց Հայաստանի ընդդիմության հիմնական ուժերը իրենց ընդհանրապես դուրս են դրել քաղաքական պայքարից: Հիշեցնենք, որ 12013թ. նախագահական ընտրություններում ոչ ՀԱԿ-ը, ոչ ԲՀԿ-ն, ոչ ՀՅԴ-ն չառաջադրեցին նախագահի սեփական թեկնածու՝ այդպիսով հրաժարվելով իշխանության համար պայքարից:
Չառաջադրելով սեփական թեկնածու նրանք չօգնեցին որևէ ոչ իշխանական թեկնածուի: Եվ եթե հայ հասարակությունը հանդուրժում է նման ընդդիմության գոյությանը, ապա էլեկտրաէներգիայի 4 դրամանոց թանկացումն ինչ է որ չհանդուրժի և չհամակերպվի: