
Պավլով փողոցի բնակիչները դժգոհ են ջրի որակից

Tsayg.am-ը գրում է. «Շիրակ Ջրմուղ-կոյուղի»ՓԲԸ պատասխանատուներին խմելու ջրի խնդրով մտահոգված լինելով դիմել են Պավլով փողոցի բնակիչները: Վերջիններիս խոսքերով մոտ մեկ տարի է ինչ ծորակից պղտոր ու տհաճ հոտով ջուր է հոսում:
Կանայք ասել են, որ խնդրի մասին մշտապես տեղյակ պահել են, անգամ կատարվել է լաբորատոր փորձաքննություն, որի արդյունքում իրենց արգելել են օգտագործել այդ ջուրը: Իսկ կենցաղային հոգսերը հոգալու համար բնակիչները ստիպված են լինում ջուրը դույլերով բերել փողոցի մի ծայրում գտնվող աղբյուրից:
Անհանգստացած բնակիչների հետ խոսել են կառույցի պատասխանատուներն ու խոստացել խնդրին շուտափույթ լուծում տալ, նշել, որ մինչ նոր ջրագծերի շահագործումը, ամեն օր մեքենաներով ջուր կհասցվի Պավլով փողոցի բնակիչներին: Նշված տարածքի ջրագծերն ամբողջությամբ քայքայված են, կառուցվել են մոտավորապես 1960-ականներին: