Հուշարձան շենքերի շահագործումը ներկայիս վիճակով վտանգավոր է. Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ. «Փաստինֆո»
«Ով շենքը գնել է, նա պարտավոր է բոլոր քարերը հուշարձանների պահպանության գործակալության հետ համատեղ չափագրել, համարակալել, տեղափոխել, համապատասխան տարածքում պահել ծածկի տակ, որպեսզի հետ բերվեն և հավաքվեն իրենց տեղում»,- պատասխանելով «Փաստինֆո»-ի հարցին, թե ո՞վ է պատասխանատու Երևանի ապամոնտաժված հուշարձան շենքերի քարերի պահանման համար՝ ասաց Երևանի նախկին գլխավոր ճարտարապետ Սամվել Դանիելյանը:
«Եթե շենքը հուշարձան է, հուշարձանների պահպանության գործակալության հետ կնքվում է պարտավորագիր. օրինակ` Արամի փողոցի շատ շենքերի հետ կապված մենք ունեցել ենք այդ պարտավորագրերը, որ նա պարտավորվոմ է պահպանել և պատասխանատու է հուշարձանի հետագա կյանքի համար»,- ասել է նա:
Նշենք, որ 2005 թվականին, երբ ՀՀ կառավարությունն ընդունեց պահպանվող և տեղափոխման ենթակա հուշարձանների ցանկը, իսկ Երևանի քաղաքապետարանը դրա հիման վրա հաստատեց տեղափոխվող հուշարձան շենքերը, «Հին Երևան» նախագծով քաղաքի կենտրոնում վերականգնելու ծրագիրը, հենց Սամվել Դանիելյանն էր զբաղեցնում քաղաքի գլխավոր ճարտարապետի պաշտոնը:
«Հայտարարվել էր մրցույթ, որում հստակ նշվել են պայմաններ: Մրցույթի հիմքում դրված էր էսքիզային նախագիծ»,- հիշում է Սամվել Դանիելյանը` հավելելով. «Երբ սեփականատերը գնել է շենքը, մենք այդ էսքիզային նախագիծը տվել ենք իրեն, ասել` դու սա պիտի սարքես, և ինքն էլ ասել է` հա, ես սա եմ սարքելու: Եվ դա արվել է նրա համար, որ ինչ-որ մեկի մտքով, այսպես ասած, օազիսներ չանցնեն, թե բնակելի դարձնեն, վաճառեն և այլն: Դա մեկ միասնական տարածք է՝ պայմանականորեն բաժանված տարբեր գնորդների միջև, բայց կար նաև մեկ միասնական նախագիծ, և յուրաքանչյուրը գիտեր, որ դրա այս մի հատվածն ինքն է իրականացնելու»:
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: