Բաժիններ՝

Բագրատ Եսայանը՝ Միխայիլ Կալաշնիկովի արձանի մասին. «Այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն»

Հունիսի 23-ին հայտնի դարձավ խորհրդային ժամանակաշրջանի ևս մի հերոսի անուն, որի արձանը մինչև 2014 թվականի հոկտեմբերի վերջը պետք է տեղադրվի Հայաստանի հանրապետության երկրորդ քաղաքում՝ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմաբազայի տարածքում:

Այն, որ սկսել են մեկը մյուսի հետևից արձաններ տեղադրել, ըստ ՀՅԴ-ական Բագրատ Եսայանի՝ «շատ ավելի» քաղաքական հարց է. «Ռազմաբազայի հրամանատա՞րն է կայացրել որոշումը… Դե, եթե ռազմնաբազայում արդեն չի գործում Հայաստանի օրենսդրությունը կամ Տեղական ինքնակառավարման մասին օրենքը, դա արդեն Հայաստանի ղեկավարության հարցն է: Ես կարող եմ ուղղակի ասել, որ անընդունելի է, երբ որևէ մեկը, ով պատրաստ է ինչ-որ մի բանի համար փող տալ, մեր իշխանությունները աչքերը փակ համաձայնում են նման բանին: Այսինքն՝ վաղը չէ մյուս օրը մեծահարուստ որևէ մեկը իր պապիկի արձանը կարող է ցանակա տեղադրել քաղաքի որևէ հատվածում, և միայն այն պատճառաբանությամբ, որ այդ մեծահարուստը պատրաստ է ծախսերը հոգալ, ուրեմն՝ ի՞նչ, այս քաղաքը վերածելու եք գերեզմանատա՞ն, թե՞ թոռնիկների հավատարմության և նրանց սիրո առհավատչյաները տեղադրելու ենք այս քաղաքում: Նման հիմար մոտեցումը, կարծում եմ՝ ոչ մի լավ բանի չի հանգեցնի քաղաքին ոչ միայն դաստիարակչական, բարոյական առումով, զուտ՝ արտաքին տեսքի առումով: Ամեն մեծահարուստ եթե ուզենա ինչ-որ մեկի արձանը տեղադրի, գնա ասի քաղաքապետին կամ ավագանուն՝ ես փող եմ տալիս, եկեք՝ սրա արձանը տեղադրենք»:

Այն, որ միակողմանի որոշում է կայացվել, Բագրատ Եսայանը չի ընդունում, քանի որ նմանատիպ հարցերը պետք է համաձայնեցվեն նախ՝ հայկական կողմի հետ. «Ես չգիտեմ, իհարկե՝ ի՞նչ իրավական կարգավիճակում է ռազմաբազան և նրա տակի հողը: Կարծեմ՝ վարձակալության է տրված: Ես վստահ եմ՝ ռազմաբազայի հողի սեփականության իրավունքը պատկանում է Հայաստանի Հանրապետությանը: Օրենքն այդտեղ գործում է. այնուամենայնիվ՝ ոչ թե ռուսական ինչ-որ մի հրամանատարի ցանկությունը, այլև Հայաստանի օրենսդրությունը: Եթե Հայաստանի ղեկավարությունը այլ կարծիք ունի, դա դեռևս ոչինչ չի նշանակում: Ես կարծում եմ՝ Հայաստանի Հանրապետության սուվերեն իրավունքը տարածվում է իր ամբողջ տարածքի վրա և բացառություն չէ նաև ռազմաբազայի տարածքը»:

 

Կարդացեք նաև

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս