Ադրբեջանն ու Ռուսաստանը միասնական մոտեցում են ցուցաբերում միջազգային կյանքի հանդեպ. Իլհամ Ալիև
Ռուսական РИА Новости լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում հանդիպել է Ռուսաստանի Պետդումայի նախագահ Սերգեյ Նարիշկինի հետ:
Հանդիպման ժամանակ Նարիշկինը հույս է հայտնել, որ Ռուսաստանն ու Ադրբեջանը լավ կհամակարգեն իրենց գործողությունները Բաքվում կայանալիք ԵԱՀԿ ԽՎ-ի առաջիկա նստաշրջանում:
Իլհամ Ալիևն իր հերթին հայտնել է, որ երկու երկրները միասնական մոտեցում են ցուցաբերում միջազգային կյանքի հանդեպ: Ալիևի խոսքերով՝ Ադրբեջանի ու Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունները դինամիկ ձևով զարգանում են բոլոր ոլորտներում՝ քաղաքական, տնտեսական ու հումանիտար:
Ալիևն ընդգծել է Նարիշկինի ադրբեջանական այցի կարևորությունը. «Մենք բոլոր ուղղություններով աշխատում ենք արդյունավետորեն: Հուսով ենք, որ կշարունակվի արդյունավետ այդ համագործակցությունը»:
Սերգեյ Նարիշկինն իր հերթին հայտարարել է. «Մենք գտնվում ենք մեզ համար հարազատ հողում, ուր մենք մեզ զգում ենք ինչպես մեր տանը: Դա մեծ վստահություն է հաղորդում մեզ, որ մենք մշտապես մեր ադրբեջանցի գործընկեր-պատգամավորների հետ իրականացնում ենք մեր գործողությունների լավ համակարգում միջազգային խորհրդարանական տարբեր հարթակներում, այդ թվում նաև ԵԱՀԿ ԽՎ-ում»
Հիշեցնենք, որ սրանից առաջ ադրբեջանական Yeni Müsavat թերթը գրել էր, որ Մոսկվան ու Բաքուն գտնվում են պատմական համաձայնության շեմին՝ կապված Ղարաբաղյան հակամարտության կարգավորման և Եվրասիական միությանն Ադրբեջանի անդամակցության հետ: