Տերյանի բնակիչներն՝ ընդդեմ Սամվել Մայրապետյանի. «Մենք դիմելու ենք ինքնապաշտպանության» (տեսանյութ)
«Գերակա շահ չի նշանակում բռնազավթում», «Տերյան 19,23,25, Լալայանց 37, Կողբացի 42, Պուշկին 40-ի բնակիչներ, միավորվենք, փրկենք մեր երեխաների բակը բռնազավթումից» պաստառներով այսօր Տերյան 23, 25, Լալայանց 37 շենքերի բնակիչները դուրս էին եկել բողոքի ցույցի՝ ընդդեմ կեղծ գերակա շահի, այդ շենքերի քանդման և բակային տարածքի բռնազավթման: Բնակիչներից Վարդան Գերավետյանը հրապարակեց ՀՀ նախագահին, ԱԱԾ նախագահին, ՀՀ վարչապետին, Երևանի քաղաքապետին և «Լոկալ Դիվելոփըրզ» ՍՊԸ տնօրեն Սամվել Մայրապետյանին ուղղված հայտարարությունը, որում, մասնավորապես՝ նշում են, որ համաձայն չեն կառավարության որոշման հետ՝ իրենց տարածքը գերակա հանրային շահ ճանաչելու մասին, չեն հրաժարվելու իրենց բնակարաններից, և նախազգուշացնում են, որ ցանկացած գործողություն, որ կիրականացվի իրենց կամքին հակառակ, կարժանանա համարժեք պատասխանի:
Ճարտարապետ Դավիթ Ստեփանյանի գնահատմամբ՝ այսօր մայրաքաղաքում չաղավաղված ճարտարապետական միջավայր չի մնացել, իսկ այս շենքերը թե´ որակով, թե´ ճարտարապետական արժեքով շատ ավելի բարձր են, քան շրջապատի անդեմ բարձրահարկները. «Այս շենքերը քանդելն ուղղակի հանցագործություն է»:
Բնակիչներից Վարդան Գաբրիելյանը նշեց, որ իրենց առաջարկում են տեղափոխվել շենքերի բակում՝ Պուշկին 38 հասցեում «Լոկալ Դիվելոփըրզի» կողմից կառուցվող շենքը, որը, սակայն, չի համապատասխանում չափանիշներին: Նրա խոսքով՝ այդ տարածքում պատմական հուշարձան համարվող շենքերից մեկը ամեն առավոտ ժամը 6:00-ին քիչ-քիչ քանդում են, որ հարևան բնակիչները չնկատեն:
«Մենք 12 տարի գտնվում ենք պաշարման մեջ: Մենք դիմելու ենք ինքնապաշտպանության, կլինի դա Վանի, Սասունի կամ այլ, թող ականջներին օղ անեն, Նժդեհներ ու Անդրանիկներ մեր ազգի մեջ դեռ կան: Ու համբերությունն արդեն հատնում է: Եթե կգան զենքով, զենք են ստանալու»,- հայտարարեց Վ. Գերավետյանը:
Մանրամասները՝ տեսանյութում: