Եվրասիական աշունը Երևանում
Վերջին օրերին քաղաքական շրջանակներում, մամուլում ակտիվորեն քննարկվում, ազդարարվում և սարսափազդարարվում են թեժ աշնան մասին սպասումները: Ազդարարողները ոչ իշխանական ուժերի ներկայացուցիչներն են, ովքեր հրապարակային հարթակներում` հարցազրույցներ, կուլիսային հարթակներում՝ խոստումներ են տալիս այն մասին, որ աշնանը ներքաղաքական ցնցող իրադարձություններ են տեղի ունենալու, որոնք կարող են հանգեցնել ընդհուպ` իշխանափոխության: Հարցազրույցների նպատակը, բնականաբար` հանրությանը, խոստումների գործառույթը՝ այս կամ այն չափով ազդեցություն ունեցող միավորների ներկայացուցիչներին համոզելն ու նրանցից աջակցություն ստանալն է՝ կուլմինացիոն պահին «ճիշտ մարդկանց կողքին կանգնելու» առումով: Կգա՞ իրականում կուլմինացիոն պահը, թե՞ ոչ, այլ հարց է: Որովհետև թեժ աշնան սպասումն առաջացնողները թեև ցանկանում են իշխանության գալ, այդուհանդերձ ադ սպասումներով միայն իշխանության գալու նպատակ չէ, որ հետապնդում են: Նրանց իրական գործառույթն իշխանությանը վախեցնելն է:
Ոչ թե իրենցով ու երկիրը փրկելու իրենց ծրագրերով հասարակությանը փողոց հանելու հնարավորությամբ, այլ արտաքին քաղաքական հարցերում «սխալվելու» դեպքում Ռուսաստանի կողմից փոփոխության ենթարկվելու վտանգով: Եվրասիական տնտեսական միությանը Հայաստանի անդամակցությունը, մեղմ ասած, հարցականի տակ է:
Առնվազն այնքանով, որ այդ միության հիմնադիրները Հայաստանին առաջադրում են պայմաններ, որոնք բավարարելը թե՛ քաղաքականապես, թե՛ տնտեսապես` նշանակում է հրաժարվել պետությունից: Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի միջև մաքսակետ տեղակայելու ադրբեջանական պահանջին օրերս հաջորդեց արդեն ռուսական պահանջը` բանակցել Առևտրի համաշխարհային կազմակերպության հետ` Եվրասիական միությանն անդամակցությունից հետո սահմանվելիք բարձր մաքսատուրքերի տարբերությունների դիմաց փոխհատուցում ստանալու հարցով:
Այս և մի շարք այլ պայմաններ Հայաստանի համար սպառնալիք լինելով հանդերձ` լրջագույն հնարավորություն են ստեղծում՝ շնորհակալություն հայտնել Եվրասիական միության հիմնադիրներին համատեղ աշխատանքի համար, և հիմնավորելով, որ այդ պայմանների բավարարումը հակասում է Հայաստանի տնտեսական և քաղաքական շահերին, հրաժարվել անդամակցությունից: Թվում է, թե ընդդիմությունը, որն իրեն ներկայացնում է որպես պետության ու ազգի շահերով շնչող հայրենասերների միավորում, պետք է հրապարակավ և ոչ միայն, իշխանությանն աջակցեր ու հորդորեր օգտագործել ստեղծված հնարավորությունը Հայաստանին պետականությունից զրկող ավանտյուրայից հետ կանգնելու համար:
Բայց Հայաստանում լրիվ հակառակն է: Ոչ իշխանական ուժերը թեժ աշնան սպասումը գեներացնելով` իշխանությանն ուղերձ են հղում՝ եթե հանկարծ անգամ մտածեք Եվրասիական միությունից հրաժարվելու մասին, այնպես կմոբիլիզացնենք հասարակությանը, որ ընկեր Պուտինն անձամբ ողջույնի ուղերձ կհղի Ազատության հրապարակի հանրահավաքի մասնակիցներին:
Այդ ուղերձը ոչ իշխանականները հղում են սեփակա՞ն նախաձեռնությամբ, թե՞ Մոսկվայի թելադրանքով, երկրորդական հարց է: Բայց ակնհայտ է, որ նրանց մոբիլիզացման հիմքում ընկած են հենց նշված գործոնները:
Ինչպես անցած տարի գրեթե այս ժամանակահատվածում, երբ ՀԱԿ-ն իշխանությանը այնքան սպառնաց հուժկու հանրահավաքներով, մինչև սեպտեմբերի 3-ին Սերժ Սարգսյանը հայտարարեց Մաքսային միությանն անդամակցելու ցանկության մասին: Հիմա ոչ իշխանականներն անում են նույնը՝ նոր իրողությունների պայմաններում Եվրասիական միությանն անդամնակցությունից հրաժարումը թույլ չտալու համար: Նրանք, բնականաբար, կհասնեն իրենց նպատակին: Որովհետև իշխանությունը` իշխանությունը պահպանելու համար պատրաստ է չհրաժարվել անգամ Արաբական ազգերի լիգային անդամակցությունից:
Թե ինչպես կփոխհատուցի Ռուսաստանը ոչ իշխանական ուժերին, դժվար է ասել: Համենայնդեպս, անցած տարվա հուժկու սպառնալիքների դիմաց կարծես թե մինչև հիմա չի վճարել: Եթե, իհարկե, վճար չի համարվում ԲՀԿ-ի հետ քաղաքագիտական համագործակցությունը՝ համապատասխան ֆինանսատնտեսագիտական դրսևորումներով: