Պուտինը Պորոշենկոյի, Մերկելի եւ Օլանդի հետ քննարկել է Ուկրաինայում հրադադարի ժամկետի երկարաձգման հարցը
ԻՏԱՌ -ՏԱՍՍ-ի փոխանցմամբ` Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Ֆրանսիայի, Գերմանիայի եւ Ուկրաինայի առաջնորդների հետ հեռախոսազրույցներ է ունեցել եւ կողմ է արտահայտվել Ուկրաինայում հրադադարի ժամկետի երկարաձգմանը, հաղորդել է նախագահի մամուլի ծառայությունը:
Հիշեցնենք, որ հունիսի 20-ին ուժի մեջ էր մտել Ուկրաինայի նախագահ Պորոշենկոյի հրամանագիրը` մինչեւ հունիսի 27-ը Ուկրաինայի արեւելքում միակողմանի հրադադարի մասին:
«Կայացել են Պուտինի հեռախոսազրույցները Օլանդի, Մերկելի եւ Պորոշենկոյի հետ: Ուկրաինայում ճգնաժամային իրավիճակի վերաբերյալ մտքերի փոխանակման ժամանակ ընդգծվել է հրադադարի պահպանման եւ հրադադարի ռեժիմի պատշաճ վերահսկման համար պայմանների ստեղծման անհրաժեշտությունը»,-ասվում է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ:
Նշվում է, որ վստահություն է հայտնվել նաեւ, որ ՌԴ Դաշնային Ժողովի կողմից` Ուկրաինայի տարածք ռուսական զինուժի օգտագործման հնարավորության մասին որոշման չեղյալ հայտարարումը կնպաստի լարվածության թուլացմանը: