
Ուկրաինայում իրավիճակի սրվելուց հետո զոհվել է 142 զինծառայող

Ուկրաինական UNIAN լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ուկրաինայում իրավիճակի սրվելուց հետո զոհվել է Ուկրաինայի զինված ուժերի 142 զինծառայող: Այս մասին կառավարության նիստից առաջ լրագրողների հետ զրույցում հայտարարել է Ուկրաինայի պաշտպանության նախարարի պաշտոնակատար Միխայիլ Կովալը:
Նա մանրամասնել է, որ խոսքը գնում է այս տարվա գարնանից ցայսօր ուկրաինական բանակի կրած կորուստների մասին: Կովալի խոսքերով՝ հրադադարի օրերին իրականացվել է 10 պատանդի փոխանակում:
Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրադադարի մասին հրամանն արձակել է հունիսի 20-ին: Հրադադարը պետք է շարունակվի մինչև հունիսի 27-ի ժամը 10.00-ը: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի կարծիքով՝ մեկ շաբաթյա հրադադարը բավական չէ: