Ի՞նչ է փոխվել Հովիկ Աբրահամյանի և գործարարների հանդիպումից հետո (տեսանյութ)
Մայիսի 14-ին ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի և խոշոր գործարարների հանդիպման ժամանակ հայտարարվել էր, որ փոքր բիզնեսի նկատմամբ արտոնությունների կիրառման մեխանիզմ է ստեղծվելու և փաստաթղթավորման միջոցով խստացվելու են ստուգումները, որպեսզի խոշոր բիզնեսը այդ ընթացքում ավելի թափանցիկ աշխատի ու ստվերից դուրս գա: Եթե ոչ՝ հուլիսի 1-ից տարբեր ստուգումներով են փորձելու ստվերային բիզնեսին բերել հարկման դաշտ:
Ի՞նչ է փոխվել այս ընթացքում, կա՞ որոշակի միտում, որ ստվերը կրճատվում է և մրցակցությունն ավելանում է: Այս հարցերն այսօր ճեպազրույցում լրագրողներն ուղղեցին Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի նախագահ Արտակ Շաբոյանին:
«Մենք ունենք բազմաթիվ ոլորտներ, որտեղ սուր մրցակցություն է տեղի ունենում, օրինակ՝ հյութերի արտադրությունը, երշիկեղենի արտադրությունը, կարող ենք ասել նաև կատաղի մրցակցություն է տեղի ունենում: Խոշորացումը չի նշանակում, որ խոշոր ընկերությունները կարող են սահմանափակել մրցակցությունը: Օրինակ՝ հեռահաղորդակցության ոլորտը, որտեղ 3 խոշոր ընկերությունների միջև սուր մրցակցություն գոյություն ունի»,- ասաց Շաբոյանը:
ՏՄՊՊՀ նախագահը վստահեցրեց, որ հանձնաժողովը բոլոր բարձրացված խնդիրների նկատմամբ հետևողական է, իսկ եթե որևէ ոլորտում կան մրցակցության խնդիրներ, նա կոչ արեց բարձրաձայնել: Ըստ նրա՝ շաքարավազի ոլորտում կա խոշոր ընկերություն, որ շուկայի մեծ մասն է զբաղեցնում, բայց խոշոր լինելը խախտում չի համարվում ոչ միայն մեր երկրում, այլև աշխարհում: Շաբոյանի կարծիքով՝ խոշորացումն օբյեկտիվ է և խոշորն էլ կարող է մեծ ներդրում ու ցածր ինքնարժեք ապահովել:
168.am-ի հարցին՝ կարո՞ղ եք ասել, որ վարչապետի ու գործարարների հանդիպումը ջրբաժան էր և իրավիճակ է փոխվել, Ա.Շաբոյանը պատասխանեց. «Ես վստահաբար ասում եմ, որ կառավարությունն իր կողմից բոլոր քայլերը ձեռնարկում է տնտեսական ոլորտի բարեփոխումները շարունակելու էական փոփոխություններ իրականացնելու համար: Կոնկրետ մեր հանձնաժողովն էլ մեր կողմից մրցակցության ոլորտում կանենք ամեն ինչ, մեր բոլոր ջանքերը կներդնենք կառավարության ծրագիրն իրագործելու և բարեհաջող ընթացքն ապահովելու համար: Իրավիճակը փոխվում է և իրավիճակը կփոխվի»: