ՌԴ-ը շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. Լավրով

Вестник Кавказа-ի փոխանցմամբ՝ պաշտոնական այցով Երևանում գտնվող Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովն այսօր հանդիպել է Հայաստանի արտգործնախարար Էդվարդ Նալբանդյանի հետ:

Հանդիպման ժամանակ Լավրովը հայտարարել է, որ Ռուսաստանն ու Հայաստանը ռազմավարական դաշնակիցներ են բազում ուղղություններով, այդ թվում նաև եվրասիական տիրույթում ինտեգրացիոն գործընթացների շրջանակներում.

«Մենք ունենք պաշտոնական այցերի տարեկան փոխանակում, կանոնավորապես աշխատանքային կարգով հանդիպում ենք Մոսկվայում և այլ մայրաքաղաքներում: Դա կատարելապես նորմալ պարկտիկա է այն երկրների համար, որոնք հանդիսանում են դաշնակիցներ ու ռազմավարական գործընկերներ երկկողմ գծով, միջազգային կառույցներում, ՀԱՊԿ-ի, ԱՊՀ-ի շրջանակներում և եվրասիական տիրույթի ինտեգրման գործընթացներում»:

Լավրովն ընդգծել է, որ Ռուսաստանը երկկողմ կարգով և որպես ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահող երկիր շահագրգռված է Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորմամբ. «Խնդրի լուծման համար առկա է բազա, կան սկզբունքներ և կարևոր է, որ դրանք համաձայնեցված են: Անհրաժեշտ է մշակել կարգավորման փաստացի իրագործման ու հաջորդականության պարամետրեր»:

Լավրովի խոսքերով՝ Ռուսաստանը ձգտելու է շարունակել նախագահների միջև ուղիղ երկխոսությունը և մնացյալ հարցերի հանգուցալուծմանը. «Ռուսաստանը կաջակցի յուրաքանչյուր ջանքերին, որոնք կմոտեցնեն հակամարտության կարգավորումը:

Ֆրանսիացի գործընկերներն առաջ են քաշում գաղափարներ, որոնք հնարավորություն կտան գործնական լեզու տեղափոխել կարգավորման քննարկվող բոլոր սկզբունքները»:

Լավրովը հավելել է, որ Ռուսաստանը պատրաստ է իր կողմից ջանքեր գործադրել և որքան կանոնավոր ընթանան նախապատրաստական հանդիպումները, այնքան մեծ կլինեն ջանքերը, այնքան մեծ կլինի գործընթացի դինամիկան:

Լավրովն այսօր այցելել է նաև Ծիծեռնակաբերդ և ծաղկեպսակ դրել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին:

Տեսանյութեր

Լրահոս