Վրացական ռազմաբազայում ավարտվել են ՆԱՏՕ-ի վարժանքները
Грузия Online-ի փոխանցմամբ՝ Սաչխերի լեռնային պատրաստության դպրոցում ավարտվել է ամառային նախապատրաստության հիմնարար կուրսը, որն անցկացվել է ՆԱՏՕ-ի «Գործընկերություն հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում: Այս մասին այսօր հայտնել է Վրաստանի ՊՆ-ը:
Երեք շաբաթ տևած նախապատրաստական կուրսին մասնակցել է ԱՄՆ ռեզերվի սպաների նախապատրաստական կորպուսի 23 կուրսանտ և Վրաստանի Պաշտպանության ազգային ակադեմիայի 20 յունկեր:
Ամերիկացի ու վրացի ապագա սպաները փորձառու հրահանգիչների ղեկավարության ներքո նախ զբաղվել են լեռնա-տեխնիկական ոլորտի առաջադրանքների կատարմամբ, ապա երեք շաբաթվա վարժանքներն ամբողջովին նվիրել են գործնական դասընթացներին:
Կուրսանտները յուրացրել են լեռնային ու բարձրլեռնային պայմաններում տեխնիկայի առաջխաղացման, կիրճերի ու լեռնային գետերի հաղթահարման, առաջին բուժօգնության ցուցաբերման, տարհանման կանոնները: Դասընթացի ավարտից հետո բոլոր կուրսանտներին տրվել են համապատասխան վկայականներ: