
ՌԴ-ի հետ ռազմավարական գործընկերության խորացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է. Ալի Հասանով

Ադրբեջանական Trend լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Ադրբեջանի նախագահի աշխատակազմի հասարակական-քաղաքական կապերի բաժնի պետ, իշխանությունների գլխավոր գաղափարախոս Ալի Հասանովը հայտարարել է, որ 2010 թվականին սկիզբ առած ռուս-ադրբեջանական ֆորումը հատուկ տեղ է զբաղեցրել երկու երկրների կյանքում, ապացուցել է իր կայացած ու արդյունավետ լինելը.
«Հաճելի ու անվիճելի փաստ է, որ այդ ֆորումը համեմատաբար կարճ ժամանակում վերածվեց առանցքային հարթակի, որում քննարկվում են միջտարածաշրջանային տնտեսական համագործակցության առաջնահերթ ուղղություններ, դիտարկվում են հասարակա-քաղաքական, մշակութային-հումանիտար հարցեր ու համատեղ նախագծերի իրագործման ասպեկտներ:
Այլ կերպ ասած` թե’ Ադրբեջանում, թե’ Ռուսաստանում տարվում է ինտենսիվ աշխատանք` երկու երկրների միջև փոխգործակցության ամրապնդման ու ընդլայնման ուղղությամբ: Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության պահպանումն ու խորացումն Ադրբեջանի արտաքին քաղաքականության կարևորագույն առաջնահերթություններից է»: