Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետում. Շարմազանովի ակնարկ-խորհուրդը՝ ընդդիմությանը
«Ինձ թվում է, որ գտնվում ենք ոչ թե հայոց խորհդարանում, այլ մանկապարտեզում, որտեղ ունենք բազմաթիվ ուսուցիչներ, իսկ քաղաքական մեծամասնությունը երեխաներն են»,- այսօր ԱԺ արտահերթ նիստում հայտարարեց ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նա ոչ իշխանական ուժերին կոչ արեց դասեր չտալ ՀՀԿ-ին, հարգել քաղաքական բազմակարծությունը. «Մենք բնական ենք վերաբերվում, որ ՀՅԴ-ի, ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, Ժառանգության, ՕԵԿ-ի կարծիքները ՀՀԿ-ի կարծիքի հետ չեն համընկնում, բայց գալ այստեղ դասեր տալ, չի կարելի: Ո՞վ որոշեց՝ կարդացած ենք, կարդացած չենք»:
Նա «ոչ կոռեկտ» անվանեց արտահայտությունը, թե «քաղաքական մեծամասնության մեջ պեղեք, Արծվիկ Մինասյանի նման 5 հոգի չեք գտնի»: Շարմազանովն անընդունելի համարեց «մոտալուտ կործանման մասին խոսելը», կոչ անելը, որ իշխանությունը ՍԴ որոշումները չմեկնաբանի, երբ ոչ իշխանավորներն իրենք մեկնաբանում են:
«Ապակե տան մեջ ապրողը ուրիշի վրա քար չի նետում: Քաղաքական փոքրամասնությունը որևէ երկրում որոշում չի ընդունում: Եղեք կոռեկտ: Դուք վարժապետ չեք, մենք էլ աշակերտ»,- ասաց Շարմազանովը: