Սպանված մատուցողուհու մայրը՝ դատարանում. «Արդար դատ եմ ուզում, մորթել կողքի նստածին, ոնց որ մորթել ա ինքը» (տեսանյութ)
Երևանի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանում մատուցողուհու Մարիամ Հունանյանի սպանության մեջ մեղադրվող Դավիթ Թամրազյանի պաշտպան Կրոմվել Գրիգորյանը դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց: Փաստաբանն ասաց, որ թույլ են տրվել խախտումներ:
Փաստաբանը դատարանում ասաց, որ մինչև իր և մյուս պաշտպանի՝ քրեական գործում ընդգրվելը հարցաքննվել են մի քանի վկաներ, ինչպես նաև ամբաստանյալը: Նրա խոսքով՝ դատարանում չեն հրապարակվել և չեն հետազոտվել փաստաթղթեր, որոնցում արտացոլված կամ հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ:
Կրոմվել Գրիգորյանը վկայակոչեց ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 304-րդ հոդվածը՝ նշելով, որ դրա համաձայն՝ գործին նոր մասնակցող պաշտպանն իրավունք ունի միջնորդել կրկնել ցանկացած գործողություն, որը դատական քննության ընթացքում կատարվել է նախքան գործին իր ընդգրկվելը:
Նրա խոսքով՝ պաշտպանական կողմը դատական նիստերից մեկի ընթացքում ներկայացրել էր միջնորդություն՝ խնդրելով կրկնել գործով վկաներից մեկի և ամբաստանյալի հարցաքննությունները, հրապարակել փետրվարի 3-ին տեղի ունեցած դատական նիստի ժամանակ հրապարակված քրեական գործի փաստաթղթերը, ինչպես նաև նախաքննության ժամանակ քրեական գործին կցված այն փաստաթղթերը, որոնցում արտացոլված և հաստատված են գործի համար նշանակություն ունեցող հանգամանքներ, հետազոտել քրեական գործում առկա բջջային հեռախոսահամարների փաստաթղթային և լազերային սկավառակների տեսքով հեռախոսային խոսակցությունների ելքային և մուտքային վերծանումները, այդ հեռախոսազանգերը սպասարկած կայանների հասցեները և դրանց բաժանորդների վերաբերյալ տվյալները, ինչպես նաև կատարել այլ գործողություններ:
Ըստ փաստաբանի՝ առանց որևէ պատճառաբանության դատարանը բավարարել է միայն ամբաստանյալի հարցաքննությունը կրկնելու միջնորդությունը: Պաշտպանն ասաց, որ նախորդ դատական նիստին իրենք ցանկացել են նախագահող դատավորի դեմ պատճառաբանված ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, որի համար բավարար ժամանակ է խնդրել. ըստ նրա՝ պատճառաբանված ինքնաբացարկի միջնորդություն նախապատրաստելու և այն դատարանին ներկայացնելու համար նախագահող դատավորի կողմից պաշտպանության կողմին կողմին տրամադրվել է «ընդամենը 30 րոպե ժամանակ», ինչը, ըստ նրա, բավարար չէր նույնիսկ առանց փաստաթղթեր պատրաստելու փաստաբանական գրասենյակ հասնելու և ետ վերադառնալու համար:
Նրա խոսքով՝ ինքնաբացարկի միջնորդությունը պատրաստ է եղել նույն օրը, սակայն պաշտպանական կողմը չի կարողացել այն ներկայացնել, քանի որ երբ վերադարձել են դատարան, դատական նիստն արդեն հետաձգված է եղել:
Փաստաբանը վկայակոչեց նաև քրեական դատավարության այլ հոդվածներ, որոնք, ըստ նրա, խախտվել են դատավորի կողմից:
Մեղադրողն առարկեց միջնորդության դեմ: Տուժողի իրավահաջորդը՝ մայրը, ասաց՝ «բոլորովին դեմ եմ գրածին»: Ըստ նրա՝ իրավունք չունեն դատավորին մեղադրելու, «որովհետև դատավորը ոչ իմ հորեղբայրն է, ոչ էլ իմ… արդար դատ եմ ուզում, մորթել կողքի նստածին, ոնց որ մորթել ա ինքը»: Կինը նստելուց հետո էլ շարունակեց խոսել, ինչից հետո դատավորը նրան դուրս հրավիրեց նիստերի դահլիճից:
Դատավորը մերժեց փաստաբանի կողմից դատավորի դեմ ներկայացված ինքնաբացարկի միջնորդությունը: Հաջորդ դատական նիստը նշանակվեց հունիսի 25-ին, որի ընթացքում կհարցաքննվի ամբաստանյալը:
Մանրամասները՝ 168.am-ի տեսանյութում