Ահազանգ. ստորգետնյա լքված հանքի դեղին ջրերը լցվում են փողոց
Էկոլուր-ի փոխանցմամբ՝ անձրեւներից Կապան քաղաքի Դավիթ Բեկ թաղամասում գտնվող ստորգետնյա լքված հանքի դեղին ջրերը լցվում են փողոց: Մուտքի մետաղական դարպասը չկա, երեխաները խաղում են մուտքի դիմաց՝ երբեմն անցնելով բաց մուտքից ներս: Այս ահազանգը հունիսի 13-ին Կապանի քաղաքապետարանում տեղի ունեցած «Կապան քաղաքի շրջակա միջավայրի և բնակչության առողջության պահպանման 2015թ. ծրագրի» հանրային լսման ժամանակ հնչեցրել է Կապանի Օրհուս կենտրոնի համակարգող Աշոտ Ավագյանը: Ինչպես տեղեկացնում է Aarhus.am կայքը, առաջարկվել է.
- կառուցել և տեղադրել դարպաս՝ կանխարգելելով երեխաների մուտքը
- հանքից դուրս եկող աղտոտված դեղին ջրերը առվակով կամ խողովակով ուղղորդել մուտքի դիմացի դիտահորը, որը կիսաքանդ վիճակում է, դրանով իսկ կդադարի ծանր մետաղներով աղտոտված (ԳԱԱ Էկոլոգոնոոսֆերային հետազոտության հաշվետվության համաձայն) ջրերի մուտք քաղաքի փողոցներ, որոնց գոլորշացման արդյունքում առաջացած թունավոր փոշին քամու և մեքենաների հոսքի միջոցով աղտոտում է մթնոլորտը
- վերանորոգել դիտահորի մակերևութային քանդված մասը
- յուրաքանչյուր տարի առնվազն 2 անգամ հրշեջ մեքենայով բարձր ճնշման ջրի շիթով մաքրել խողովակաշարը՝ հնարավոր խցանումից խուսափելու համար:
Խնդրին արձագանքել է քննարկմանը ներկա Կապանի քաղաքապետ Աշոտ Հայրապետյանը` կարգադրելով տեղադրել մետաղական դարպաս և կանոնավորել հանքից դուրս եկող ջրերի հոսքը դիտահոր՝ բացառելով հոսքը դեպի փողոց:
Լուսանկարները` Կապանի Օրհուս կենտրոնի