«Հերթական անգամ ուշադրություն չի դարձնում հասարակական կարծիքին»
«ԱԺ-ին ներկայացված օրինագծում պարտադիրը մնում է այլ՝ թաքնված ձևակերպումով: Այս կարևոր, լուրջ, հասարակական հնչեղություն ունեցող օրենքը կարելի էր բերել սեպտեմբերին, բայց ժամկետների մեջ փոփոխություն կա այդ նախագծով, հուլիսից պետք է գործի»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Ժառանգություն» խմբակցության ղեկավար Ռուբիկ Հակոբյանը՝ խոսելով կառավարության նախաձեռնությամբ ԱԺ արտահերթ նիստի օրակարգում ընդգրկված կուտակայինի վերաբերյալ օրինագծի մասին:
Ըստ նրա, անշուշտ, հանրային քննարկում էր պետք կազմակերպել, իսկ մինչ այս եղած քննարկումների և հանդիպումների ձևաչափը բավարար չէ. «Սա իսկապես հանրային նախագիծ է և պետք է հանրային քնարկումով բերեին ու որոշակի տրամադրությունը զգային՝ այդ նախագիծը պե՞տք է բերել ԱԺ, թե՞ ոչ, կամ այս բովանդակությամբ բերե՞լ, թե՞ ոչ: Ցավոք, կառավարությունը, քաղաքական մեծամասնությունը, կարծես, ցույց է տալիս, որ հերթական անգամ ուշադրություն չի դարձնում հասարակական կարծիքին»:
Հարցին՝ կկարողանա՞ն այս տեսքով անցկացնել օրինագիծն ԱԺ-ում, Ռ.Հակոբյանը պատասխանեց. «Չգիտեմ՝ ինչ մարտավարություն կորդեգրեն, բայց բոլոր դեպքերում օրենքներ են, նախագծեր են, որոնք լուրջ քննարկման կարիք ունեն և հընթացս, ոտքի վրա այդպես ընդունելը պատիվ չի բերում ԱԺ-ին»: