Բաժիններ՝

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Բունդեսթագի ներկայացուցչին

Հունիսի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բունդեսթագի անդամ դոկտոր Մարտին Փեցոլդի ղեկավարած պատվիրակությանը:

Ողջունելով դոկտոր Մարտին Փեցոլդի այցը համայն հայության հոգևոր կենտրոն` Ամենայն Հայոց Կաթողիկոսը գոհունակությամբ հաստատեց երկու ժողովուրդների միջև առկա բարեկամական ու ջերմ հարաբերությունները և երկրների համագործակցությունը:

Զրույցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսն անդրադարձավ Հայոց Եկեղեցու պատմական դերակատարությանը հայ ժողովրդի ազգային-հոգևոր կյանքում` ընդգծելով, որ ժողովուրդը սերտորեն կապված է Եկեղեցու հետ` գիտակից ազգապահպանության գործում նրա կարևոր առաքելությանը:

Խոսելով պատմության ընթացքին Հայ Եկեղեցուն բաժին ընկած դժվարությունների ու փորձությունների մասին` Նորին Սրբությունը
մասնավորապես ներկայացրեց Հայոց Ցեղասպանության հետևանքով հայ ժողովրդի և Եկեղեցու կրած ծանր կորուստները:

Այս առնչությամբ Հայոց Հովվապետը հույս հայտնեց, որ 2015 թվականին, երբ հայ ժողովուրդը նշելու
է Հայոց Մեծ Եղեռնի 100-ամյա տարելիցը, միջազգային հանրությունը կզորակցի հայ ժողովրդին` ճանաչելով և դատապարտելով մարդկության կյանքում գործված այդ ոճիրը` հանուն նմանատիպ ողբերգությունների կանխարգելման:

Հանդիպման ընթացքում խոսվեց Եկեղեցի-պետություն հարաբերությունների, հասարակական կյանքի տարբեր ոլորտներում Եկեղեցու գործուն ներգրավվածության, տարբեր կրոնական հոսանքների ու կազմակերպությունների գործունեության մասին, ինչպես նաև անդրադարձ կատարվեց Հայաստանի սոցիալ-տնտեսական կյանքին և ժողովրդի առջև ծառացած մարտահրավերներին:

Հանդիպմանը ներկա էին Մայր Աթոռի Հայեցակարգային եկեղեցական հարցերի գրասենյակի տնօրեն Տ. Բագրատ եպիսկոպոս Գալստանյանը և Գերմանիայի հայոց թեմի փոխառաջնորդ Տ. Սերովբե վարդապետ Իսախանյանը:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս