Ինչու են «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամները հավաքվել հենց կառավարության դիմաց (տեսանյութ)
«Մենք հավաքվել ենք, որ ևս մեկ անգամ հիշեցնենք՝ վաղը մեր անհնազանդության ավտոերթն է լինելու։ Երկրորդ, արդեն մեկ շաբաթ է անցել, ինչ մենք նամակով դիմել ենք կառավարությանը՝ կոչ անելով դադարեցնել կարմիր գծերի և արագաչափերի գործունեությունը, ու դեռ պատասխան չկա»,- 168.am-ի հետ զրույցում ասաց «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամ Վարդան Հակոբյանը:
Նշենք, որ այսօր «Դուրս մեր գրպաններից» նախաձեռնության անդամները կառավարության շենքի դիմաց կազմակերպել էին աեկցիա՝ որպեսզի իրազեկեն վաղը՝ Արշակունյաց պողոտայից կայանալիք ավտոերթի մասին:
Վ.Հակոբյանը մեզ հետ զրույցում նշեց, որ կառավարության շենքի դիմաց հավաքվելն ունի սիմվոլիկ նշանակություն. «Ցանկացած տեղ կարող էինք անել, ուղղակի, որ մենք անձամբ վարչապետին էինք դիմել՝ այս հարցը կասեցնելու համար, պետք է նստենք կլոր սեղանի շուրջ ու հասկանանք՝ ոնց է լինելու մեր ապագան:
Տեսնենք՝ առաջ գնալո՞ւ են, թե՞ շարունակելու են նույն ձևով, որ մենք էլ մեր անելիքն իմանանք»: Նա ասաց, որ վաղվա երթը իրենք կոչել են անհնազանդության երթ. «Սահմանադրությամբ սահմանված մեր իրավունքների սահմաններում կփորձենք ամեն ինչ անել, որ կառավարությունը րոպե առաջ, ժամ առաջ ընդունի այն որոշումը, որը մենք ակնկալում ենք»:
Լրագրողներից մեկի այն դիտարկմանը, որ երեկ կառավարությունը հայտարարել էր, որ 50-70 տոկոսով գներն իջնում են, նախաձեռնության անդամ Արմեն Մանվելյանը պատասխանեց. «Ես կարդացել եմ այդ որոշումները: Դա մեր դիմումի հետ ոչ մի կապ չունի: Այդտեղ ոչ մի խոսք չէր ասվում կարմիր գծերի մասին, ոչ մի խոսք չկար ծուղակային արագաչափերի մասին: Յուրաքանչյուր տեղադրված տեսախցիկ պետք է նպատակահարմար լինի, եթե դա չի նպաստտում իրավախախտումների նվազեցմանը (իսկ մենք ունենք վիճակագրություն՝ 2012, 2013, 2014 թվականներին ավելի են շատացել իրավախաղտումները), ուրեմն դրանք նպատակահարմար չեն»:
Անի Քեշիշյան