Սուննի զինյալները սկսել են Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի գրոհը
Բրիտանական Reuters լրատվական գործակալության փոխանցմամբ՝ «Լևանտում ու Իրաքում իսլամական պետություն» խմբավորման զինյալները հարձակում են գործել Բայջիում գտնվող Իրաքի խոշորագույն նավթավերամշակման գործարանի վրա, որը գտնվում է իրաքցի զինվորականների վերահսկողության տակ:
Այս մասին գործակալությանը հայտնել են Իրաքի բանակում նրա աղբյուրները: Նախորդ շաբաթ զինյալները մոտեցել էին Սալահ ադ-Դին նահանգի Բայջի քաղաքին և մասնակիորեն շրջափակել էին այն: Տեղի նավթավերամշակման գործարանը փակվել է երկուշաթբի գիշերը, նրա օտարազգի աշխատակիցներին տարհանել են: Սակայն տեղաբնակ անձնակազմը դեռևս շարունակում է մնալ իր աշխատավայրում:
Գործակալության աղբյուրը հայտնել է, որ հարձակումը մեկնարկել է տեղական ժամանակով ժամը 04.00-ի մոտ, զինյալներն ականանետերով ու գնդացիրներով հրետակոծել ու գնդակոծել են գործարանի տարածքի երեք մուտքերից երկուսը: Արկերից մեկն ընկել է պահեստամասերի պահեստի վրա, որից սկսել են վեր բարձրանալ ծխի քուլաներ:
France-Presse լրատվական գործակալության հաղորդմամբ՝ զինյալներին հաջողվել է ներթափանցել նավթավերամշակման գործարանի տարածք ու ոչնչացնել մի շարք նավթամբարներ: