Չի բացառվում, օրինակ, որ հենց Բաքվում կարող է պարզ լինել Հայաստանի ստորագրության հարցը. «Ժամանակ»

«Ժամանակ» թերթը գրում է .«Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանը լրագրողների հետ ճեպազրույցում անդրադառնալով հարցին, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, ասել է, թե կա ԵՏՄ Բարձրագույն խորհրդի որոշում, որ անդամակցության պայմանագիրը ստորագրման պետք է պատրաստել մինչև հուլիսի 1-ը:

Քոչարյանն այդպես էլ հստակ օր չի ասել, ի պատասխան լրագրողների հարցի: Զարմանալի չէ, որովհետև Շավարշ Քոչարյանն ի՞նչ իմանա կամ որտեղի՞ց իմանա, թե երբ է Հայաստանը ստորագրելու Եվրասիական միությանն անդամակցելու պայմանագիրը, կամ ստորագրելո՞ւ է արդյոք:

Եվ սա անհայտ է ոչ միայն Շավարշ Քոչարյանի, այլև Հայաստանի իշխանությունների համար ընդհանրապես: Խնդիրն այն է, որ Հայաստանի ստորագրության հարցը գտնվում է Պուտինի իրավասության ներքո, և երբ որ ՌԴ նախագահը կասի կամ կհամարի, որ Հայաստանը պետք է անդամակցի ԵՏՄ-ին կամ կարող է անդամակցել, այն ժամանակ էլ կապահովի Հայաստանի ստորագրության արարողությունը:

Այնպես որ, Շավարշ Քոչարյանին կամ Հայաստանի որևէ այլ պաշտոնյայի այս մասին հարցնելը միանգամայն ավելորդ է՝ նրանք ոչ թե գաղտնի են պահում ինչ-որ բան, այլ պարզապես ոչ մի բան չգիտեն այդ մասին: Իսկ ՌԴ նախագահ Պուտինի որոշումն էլ կախված է, բնականաբար, ոչ Հայաստանից, այլ Ղազախստանից, Ադրբեջանից, Թուրքիայից, բոլորից` բացի Հայաստանից:

Սերգեյ Լավրովը երեկ սկսել է իր այցը Բաքու, և չի բացառվում, օրինակ, որ հենց Բաքվում կարող է պարզ լինել Հայաստանի ստորագրության հարցը: Հայաստանը մնացել է խաղից դուրս, և պետք է շեշտել, որ մնացել է Հայաստանի իշխանությունների կամքով: Եվ սա, ըստ էության, ինչ-որ առումով էլ նշանակում է, որ իրականում Հայաստանը Եվրասիական միության անդամ է, քանի որ այդ անդամությունը հենց նշանակում է Հայաստանի խաղից դուրսբերում:

Պարզապես Հայաստանի անդամությունը ֆորմալ չէ, և Հայաստանի ստորագրությունը, այսպես ասած, աճուրդի է հանված: Մոսկվան այդ ստորագրությունը հանել է աճուրդի, և ով ավելի թանկ կգնահատի ստորագրությունը, նրան էլ այն կվաճառվի»:

Ամբողջությամբ կարդացեք «Ժամանակ»-ի այսօրվա համարում։

Տեսանյութեր

Լրահոս