Մոսկվայում մեկնարկում է Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի գործով դատավարությունը
Ռուսական ИТАР-ТАСС լրատվական գործակալության փոխանցմամբ՝ Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր ձեռնամուխ է լինում Ադրբեջանի քաղաքացի Օրհան Զեյնալովի գործի քննմանը, ով մեղադրում է Մոսկվայի Բիրյուլևոյի շրջանի բնակիչ Եգոր Շչերբակովի հնչեղ սպանության մեջ: Այս մասին հայտնել է դատարանի մամլո քարտուղար Ուլյանա Սոլոպովան:
Մոսկվայի քաղաքային դատարանը նախնական լսում է անցկացնելու, ինչն օրենքի համաձայն, անցնելու է փակ ռեժիմով: Դրանում քննարկվելու են ընթացակարգային հարցեր: Հետաքննության տվյալներով՝ ալկոհոլի ազդեցության տակ գտնվող Զեյնալովը 2013 թվականի հոկտեմբերի 10-ի գիշերը կոնֆլիկտ է հրահրել 25-ամյա մոսկվացի Եգոր Շչերբակովի հետ:
Ծեծկռտուքի ժամանակ Զեյնալովը դանակի հարվածներ է հասցրել Շչերբակովի կրծքավանդակին ու գոտկատեղին, ինչից հետո փախուստի է դիմել դեպքի վայրից: Ստացած վերքերից երիտասարդ Շչերբակովը մահացել է տեղում: Հոկտեմբերի 13-ի Բիրյուլևոյի բնակիչները սկսեցին բողոքի ակցիա անցկացնել՝ պահանջելով գտնել ու պատժել մարդասպանին:
Այդ ամենը վերաճեց զանգվածային անկարգությունների, որոնց ընթացքում ձերբակալվեց 400 մարդ: Երկու օր անց՝ հոկտեմբերի 15-ին, Շչերբակովին սպանելու կասկածանքով մերձմոսկովյան Կոլոմնայում ձերբակալվեց Զեյնալովը:
Նա մեղադրվում է Ռուսաստանի քրեական օրենսգրքի 105-րդ հոդվածի 2-րդ կետը (խուլիգանական դրդապատճառներով սպանություն) խախտելու մեջ: Տվյալ հոդվածով նախատեսվում է 8-20 տարվա ազտազրկում կամ էլ ցմահ ազատազրկում: