Իրաքը սխալ գործեց՝ չհամաձայնվելով իր տարածքում ամերիկյան զորքեր թողնելուն. Հիլարի Քլինթոն
CNN հեռուստաալիքի փոխանցմամբ՝ ԱՄՆ նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնը երեկ հայտարարել է, որ Իրաքի իշխանությունները սխալ են գործել, երբ չեն համաձայնվել իրենց տարածքում մշտական հենքով ամերիկյան զինվորական կոնտինգենտ թողնելուն, ինչը պետք է տեղի ունենար այդ երկրից ԱՄՆ-ի հիմնական ռազմական ուժի դուրս բերումից հետո.
«Նախագահ Բուշ-կրտսերը դեռ մինչև Օբամայի կողմից նախագահի պաշտոնը զբաղեցնելը որոշում էր ընդունել, որ մենք (ԱՄՆ) Իրաքը լքելու ենք 2012 թվականին: ԱՄՆ-ը պետք է ավարտեր ռազմական գործողությունը, եթե միայն Իրաքի կառավարությունը չհամաձայնվեր մեզ խնդրել՝ զորքերը թողնելու համար այնպիսի պայմաններով, որպիսիք նրանք տեղակայված են այլ երկրներում:
Այդ պայմանները կանոնակարգվում են ուժերի կարգավիճակի մասին համաձայնագրով: Սակայն Իրաքի վարչապետ Նուրի ալ-Մալիքին չստորագրեց այն: Ներկայումս մեզ շատերն են ասում, որ պետք էր պարտադրել այն, սակայն նման բաներ չեն կատարվում: Այժմ երևում է, որ դա Իրաքի կառավարության սխալն էր: Ներկայումս շատերը մտածում են նաև Աֆղանստանի մասին»: