Հայաստանի կրակող տերերը

«Հայաստանը օրենքի երկիր է», «Կարևորը քաղաքացին է, բոլորս պետք է դեմքով շրջվենք դեպի մարդը», «Օրենքի առաջ բոլորը հավասար են…»,- այս և տասնյակ նման արտահայտություններ կարելի է գտնել Հայաստանի բոլոր պաշտոնյաների ելույթներում և ուղերձներում: Սկսած նախագահից՝ մինչև իշխող կուսակցության պատգամավորներ ու իշխանության հետ որևէ կերպ փոխկապակցված՝ անգամ ամենաստորին մակարդակի չինովնիկներ:

Փորձեք որևէ պաշտոնյայի կամ հանրապետականի հակադարձել, որ այդ արտահայտությունները սուտ են, որ Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների պարագայում ավելի լավ է լռել, քան իրականությունը նենգափոխել այդ աստիճանի, այնպես կհանդիմանեն, ինչպես Հայաստանի սահմանը իբրև թե պաշտպանող ռուս «տամոժեննիկը»՝ իր տված հարցի պատասխանն ուշացնելու դեպքում է հանդիմանում:

Իսկ Հայաստանում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք վկայում են, ապացուցում են, որ Հայաստանի Հանրապետությունը մի քանի տասնյակ, մի քանի հարյուր, լավագույն դեպքում՝ մի քանի հազար մարդու երկիրն է, որոնց համար գործում են ոչ թե 1995 թվականին ընդունված Սահմանադրությունն ու Ազգային ժողովի ընդունած օրենքները, այլ իրենց հայրերի, հորեղբայրների ու մորեղբայրների, աներորդիների ու քենակալների սոցիալական դիրքով ու իշխանությանը մոտ կանգնած լինելու հանգամանքով պայմանավորված «պրախոդները»:

Երեկ, օրինակ, ազատ է արձակվել անցած շաբաթ Երևանում կրակոցներ արձակած Սամվել Քոթանջյանը: Նա ազատ է արձակվել ոչ թե հենց այնպես, այլ ամբողջ երկու պատգամավորի անձնական երաշխավորությամբ: Հայաստանը երկիր է, որի օրենսդիրները երաշխավորում են մինչև 7 տարի ազատազրկում նախատեսող հոդվածի հատկանիշներով կասկածվող երիտասարդի ազատ արձակման համար:

Իսկ այդ երիտասարդը ոչ թե նորահայտ Մարկ Ցուկերբերգն է, ով ատրճանակից մի քանի կրակոց է արձակել հերթական սենսացիոն նորույթը երկնելու ժամանակ առաջացած հոգեբանական խնդիրների պատճառով, այլ Երևանի քաղաքապետի խորհրդականի որդին: Հավանաբար փողատեր խորհրդականի, թերևս, նույնքան փողատեր որդին: Ու ոչ թե հավանական, այլ միանշանակ է, որ փողատեր լինելով՝ որդին այդ նաև իշխանության համար «վիզ դնող» որդի է, այսինքն՝ ընտրությունից ընտրություն իշխանության համար ընտրակեղծիքներ ապահովող երիտասարդ:

Դժվար է ասել՝ համապետական ընտրություններում ի՞նչ ծառայություններ է մատուցել իշխանությանը Լորետա Խաչատրյան անունով կինը, սակայն բոլորը գիտեն նրա ամուսնու՝ Սուրեն Խաչատրյանի մատուցած ծառայությունների մասին: Գիտեն ու չեն զարմանում, որ այդ կինը, ում որդին սպանել է Ավետիք Բուդաղյանին ու ազատ է արձակվել կարճ ժամանակ ազատազրկման վայրում գտնվելուց հետո, ահա այդ կինը ճանաչվել է՝ որպես գործով տուժող: Այդքանից հետո արժե զարմանալ կամ տարակուսել, որ ձերբակալվել է Վերնիսաժում տեղի ունեցած կրակահերթերի արդյունքում տուժած երիտասարդներից մեկը: Որովհետև կրակողը, ինչպես հայտնի է, եղել է հայտնի օրենսդիր Յուվեցի Կարոյի փեսան:

Կարո՞ղ է արդյոք որևէ ոչ պաշտոնյայի բարեկամ կամ որդի կրակել Երևանի փողոցներում և արժանանալ պատգամավորների երաշխավորությանը: Ազատ արձակվելու:

Կարո՞ղ է որևէ պաշտոնյայի կին բանտում որդուն տեսակցության գնալու փոխարեն՝ տուժող ճանաչվել ու արցունք չթափել որդու 10-15 տարվա ազատազրկման համար: Կարո՞ղ է որևէ գիտնականի փեսա կրակել մարդկանց վրա կրկին Երևանի փողոցներում ու սպասել ազատ արձակմանը՝ առաջիկա մի քանի ամիսների ընթացքում՝ մինչ Դատախազությունը հասցրած կլինի գործը «կարել» կրակվողի վրա:

Այս հարցադրումներից որևէ մեկին դրական պատասխան կարող են տալ միայն վերը նշված ուղերձների ու հայտարարությունների հեղինակներն ու ՀՀԿ անդամները, ովքեր հավատում են այդ ուղերձներին:

ՀՀ բնակչության մյուս հատվածը, այսինքն՝ 90 տոկոսը, չի կարող հավատալ ու չկարողանալով՝ պարտավոր է պատրաստ լինել որևէ մեկի որդու կրակոցից զոհվելու, կամ, եթե բախտը բերի՝ վիրավորվելու: Սա Հայաստանն է, և վե՛րջ: Ապահով Հայաստանը: Պաշտոնյաների զավակների համար ապահով ու անպատիժ կյանք ապահովող Հայաստանը: Այն Հայաստանը, որից ցանկանում են փախչել բոլորը, ովքեր պաշտոնյա կամ պաշտոնյայի զավակ կամ փեսա ու աներորդի չեն: Սա մի քանի հարյուր մարդու Հայաստանն է:

Տեսանյութեր

Լրահոս