Բաժիններ՝

Համազեկուցողները պատգամավորների և նախագահի հետ կքննարկեն Մարտի 1-ի հարցը. «Ազատություն»

Մարտի 1-ի սպանությունները չբացահայտված մնալու հարցը Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Հայաստանի հարցով համազեկուցողները կքննարկեն խորհրդարանականների, ինչպես նաև նախագահ Սերժ Սարգսյանի հետ։

Պատասխանելով «Ազատության» այն հարցին, թե ինչպե՞ս են գնահատում այն փաստը, որ առ այսօր որևէ մեկը պատասխանատվության չի ենթարկվել մարտի 1-ի սպանությունների համար, փաստահավաք առաքելությամբ Հայաստան ժամանած համազեկուցող Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը քննարկել ենք նաև մեր նախորդ այցի ժամանակ, վաղը պատրաստվում ենք այն ևս մեկ անգամ քննարկել խորհրդարանում, ամենայն հավանականությամբ նաև Հայաստանի նախագահի հետ: Ես կարծում եմ, որ մենք մեր զեկույցում անդրադարձ կկատարենք այդ խնդրին»։

Ի պատասխան մեր հարցի, թե իր կարծիքով՝ ինչո՞ւ առ այսօր սպանությունների համար պատասխանատու անձանց հայտնաբերելու հարցում իշխանություններն այդպես էլ որևէ արդյունքի չեն հասել, Աքսել Ֆիշերը պատասխանեց.- «Մենք այդ հարցը պատրաստվում ենք տալ Հայաստանի խորհրդարանականներին, նաև միգուցե նախագահին»։

Փաստահավաք առաքելությամբ այսօր Հայաստան ժամանած համազեկուցողներ Աքսել Ֆիշերն ու Ալան Միլը ողջ օրվա ընթացքում հանդիպել են քաղաքացիական հասարակության ներկայուցուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների անդամների հետ՝ նրանց հետ քննարկելով երկրում տեղի ունեցող քաղաքական զարգացումները, սահմանադրական բարեփոխումներին առնչվող հարցեր, ինչպես նաև ոստիկանության և արդարադատության ոլորտում իրականացվող բարեփոխումները:

Հայաստանի հարցով համազեկուզողին հարցրեցինք, թե ինչպե՞ս են գնահատում ժողովրդավարության վիճակը Հայաստանում, և մասնավորապես, ոստիկանության գործելաոճը՝ հատկապես հաշվի առնելով այն հանգամանքը, որ իրավապաշտպաններն ու ակտիվիստները բազմիցս են բարձրաձայնում բաժանմունքներում և ոստիկանական մեքենաներում տեղի ունեցող ծեծի և կտտանքների մասին: Ֆիշերն ասաց, թե այս պահին որևէ գնահատական տալ չի կարող, այս փուլում իրենք լսելու են բոլոր կողմերին, որից հետո վերադառնալու են Ստրասբուրգ և իրենց հավաքած փաստերը քննարկելու են նախ Եվրոպայի խորհրդի Մոնիտորինգի հանձնաժողովում, ապա և այս ամսվա վերջին կայանալիք ԵԽԽՎ-ի հունիսյան նստաշրջանի լիագումար նիստում, որտեղ էլ կներկայացնեն իրենց զեկույցը:

Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում:

Բաժիններ՝

Տեսանյութեր

Լրահոս