Հայկ Կյուրեղյանը պնդել է, որ իրեն խոշտանգել են ոստիկանության բաժնում (տեսանյութ). «Ազատություն»
Շանթ Հարությունյանի և նոյեմբերի 5-ի գործով մեղադրվող մյուս ընդդիմադիրների գործով դատավարության մեկնարկին Կենտրոնի դատարանի առջև կրակոցներ արձակած Հայկ Կյուրեղյանը կալանավորվել է շաբաթ օրը: «Ազատությանն» այս տեղեկությունը հաղորդել են ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:
Ոստիկանության հաղորդմամբ, անցյալ հինգշաբթի տեղի ունեցածի կապակցությամբ հարուցվել է քրեական գործ զենքի գործադրմամբ խուլիգանության հատկանիշներով, որը նախատեսում է 4-7 տարվա ազատազրկում:
Ոստիկանության ձերբակալված անձանց պահելու վայրերում վերահսկողություն իրականացնող հասարակական դիտորդական խումբը հունիսի 13-ից այցելում է Հայկ Կյուրեղյանին՝ Էրեբունիի ժամանակավոր պահման մեկուսարան:
Դիտորդական խմբի ղեկավար Հասմիկ Սահակյանը «Ազատության» հետ զրույցում վկայել է, որ անձամբ ինքը տեսել է Հայկ Կյուրեղյանի թևերի կապտուկները։ Կյուրեղյանը տեղեկացրել է, որ ծեծի հետևանքով մարմնի վրա կան այլ հետքեր ևս։
«Ազատության» հարցին, թե վնասվածքները բերման ենթարկելու հետևանքո՞վ է, Սահակյանը պատասխանեց.- «Ոստիկանությունում են Հայկին ծեծել։ Կային, որ բերման ենթարկելուցել է ստացել, կային, որ ոստիկանությունում, բայց ինքը չցանկացավ մանրամասնել, ասաց, որ դրանց ինքը կանդրադառնա առանձին»։
Կենտրոնի բաժնում ոստիկանական ծեծի մասին Հայկ Կյուրեղյանը վկայել է նաև Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի ներկայացուցիչների հետ զրույցում: Մարդու իրավունքների պաշտպանի արագ արձագանքման վարչության պետ Արմեն Գրիգորյանն «Ազատությանն» ասաց, որ պաշտպանի ներկայացուցիչները շաբաթ օրն այցելել են Կյուրեղյանին։
«Նրա մարմնի վրա եղել են վնասվածքների հետքեր։ Կյուրեղյանն ասել է, որ իրեն ծեծել են Կենտրոնի ոստիկանության բաժնում»,-ասաց Գրիգորյանը։
Ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: