Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում
ՀՀ առողջապահության նախարար Արմեն Մուրադյանն անցկացրեց մանկաբարձության և գինեկոլոգիայի խորհրդի նիստ:
Խորհրդակցության ընթացքում մանրամասն անդրադարձ կատարվեց Շիրակի մարզում տեղի ունեցած մայրական և պտղի ներարգանդային մահվան մահացության վերջին երկու դեպքին: Քննարկմանը ներկա էին Շիրակի մարզի առողջապահության ոլորտի ղեկավարները, դեպքին առնչվող բուժաշխատողներ:
Առողջապահության նախարարության գլխավոր մանկաբարձ-գինեկոլոգ Ռազմիկ Աբրահամյանը հաջորդաբար ներկայացրեց Գյումրիում առաջին դեպքում մոր և պտղի, երկրորդ դեպքում` պտղի մահվան հանգամանքները, ախտորոշումները, իրականացված բժշկական գործընթացի մանրամասները:
Արմեն Մուրադյանը շեշտեց, որ մայրական և մանկական մահացության յուրաքանչյուր դեպք մասնագիտական վերլուծության է ենթարկվելու:
«Դա շարունակական գործընթաց է, որը միտված է ոչ միայն տվյալ դեպքի մասնագիտական կամ կազմակերպչական սխալների վեր հանմանը, այլև կնպաստի նմանօրինակ դեպքերի կանխմանը, հնարավորինս նվազագույնի կհասցվեն ռիսկի գործոնները»,-ընդգծեց նախարարը:
Նա ոլորտի ներկայացուցիչներին կոչ արեց մշտապես լինել զգոն, ուշադիր և աշխատանքը կատարել մեծ պատասխանատվությամբ ու բարեխղճորեն: Արմեն Մուրադյանն ընդգծեց, որ «կոլեգիալության», գործընկերների մասնագիտական սխալը քողարկելու յուրաքանչյուր դեպք անպատիժ չի մնա:
Նա մարզային ծննդատների տնօրեններին և բուժաշխատողներին հորդորեց որոշումներ կայացնելու գործում լինել ավելի օպերատիվ, քանի որ հաճախ մոր կամ պտղի կյանքը փրկելը վայրկյանների հարց է:
Գյումրու Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի և Գյումրու ծննդատանը տեղի ունեցած դեպքերը գտնվում են նախաքննության փուլում և կատարվում է դատաբժշկական փորձաքննություն:
Դեպքերին առնչվող բոլոր փաստաթղթերը առգրավված են իրավապահ մարմինների կողմից: Նախարարի հանձնարարությամբ համապատասխան մասնագետները եղել են տեղում, ուսումնասիրել դեպքերի հետ կապված հանգամանքները:
Օրենքով սահմանված կարգով, մինչև նախաքննության փուլի և/ կամ քրեական վարույթի ավարտը տվյալների հրապարակումը թույլատրելի չէ:
ՀՀ Առողջապահության նախարարություն