Պարտադիր հետպահումները կվերադարձվեն 2015 թվականի հունվարից մինչև հուլիսը. Կառավարության առաջարկած փոփոխությունները ընդդիմադիրները չեն ընդունում. ԳԱԼԱ
Երեկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը հանդիպել էր ՕԵԿ, ԲՀԿ, ՀՅԴ, ՀՀԿ խմբակցությունների ներկայացուցիչների և աշխատանքային այն խմբի հետ, որը մշակում է պարտադիր կուտակային կենսաթոշակների մասին օրենքի նախագիծ: ՀՅԴ-ից հանդիպմանը ներկա Արծվիկ Մինասյանը ԳԱԼԱ-ի հետ զրույցում փոխանցեց այն հիմնական առաջարկները, որոնք ներկայացվել են իրենց. «Փորձ է արվում ներկայացնել, որ պարտադիր բաղադրիչը պետական ծառայողների համար 2014 թվականի հուլիսի մեկից կպահպանվի, իսկ մասնավոր սեկտորի համար՝ 2017 թվականի հուլիսի մեկից: Նախկինում կատարված վճարումներն էլ` այսինքն մինչև հուլիսի 1-ը, որ պարտադիրի անվան տակ տարվել են, դրանք կվերադարձվեն աշխատակիցներին 2015 թվականի հունվարից մինչև հուլիս»:
Ներկայացվել են նաև բազմաթիվ այլ տեխնիկական լուծումներ, սակայն հանդիպումից հետո Արծվիկ Մինասյանի համար հիմնական մտահոգությունները շարունակում են չլուծված մնալ. «Սկզբունքների սկզբունքը, այսպես կոչված սեփականության իրավունքի սկզբունքը այս փաթեթով նորից անտեսվում է, այլ կերպ ասած՝ ՍԴ-ի որոշումը աշխատանքային խումբը այլ կերպ է փորձում ներկայացնել, սա մեզ համար ընդունելի չէ, և մեր տեսակետը մենք առաջիկայում կներկայացնենք»:
Մեր այն հարցին, թե ձեզ համար արդեն պա՞րզ է՝ համագործակցելո՞ւ եք աշխատանքային խմբի հետ, թե՞ ձեր սեփական նախագիծն եք ԱԺ բերելու, Արծվիկ Մինասյանը պատասխանեց, որ դեռ պարզ չէ, քանի որ այս առաջարկները ներկայացվել են որպես խիստ նախնական, իսկ վարչապետ Հովիկ Աբրահամյանը վստահեցրել է, որ այնպես է անելու, որ բոլորի համաձայնությունը լինի, իսկ Արծվիկ Մինասյանի համար «բոլորի համաձայնություն» ասվածը նշանակում է հրաժարվել «պարտադիր» բաղադրիչից:
«Իրենց տեսակետների մեջ փոփոխության դեպքում մենք նոր մեր վերջնական տեսակետը կներկայացնենք, բացի դա, մենք առաջիկա օրերին կհրապարակենք սկզբունքները, որոնց հիման վրա պետք է կառուցվի նոր համակարգը»,- ասաց Արծվիկ Մինասյանը:
Ամբողջությամբ կարող եք կարդալ սկզբնաղբյուր կայքում: